Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատասխանել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքներին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին «Վրացական երազանք»-ին որակել էր որպես «ավերողների բրիգադ» և համեմատել էր թալիբների հետ՝ ընդգծելով, որ նրանք պատրաստվում են կործանել այն ամենը, ինչն ինքն ու իր կառավարությունը ստեղծել են 8 տարվա ընթացքում:
Ի պատասխան Սաակաշվիլիի այս հայտարարության՝ Բիձինա Իվանիշվիլին նախագահին խորհուրդ է տվել ժողովրդին բացատրել, թե ինչու է իր համար կառուցել 7 նստավայր, ինչու է գնել երկու ինքնաթիռ և ուղղաթիռներ և ինչու է այդ ինքնաթիռների ու ուղղաթիռների սպասարկման բեռը դրել բանակի վրա.
«Ոչ մի նորմալ, ժողովրդավարական երկիր չէր անի դա, ինչն արել է այդ մարդը: Աշխարհի ոչ մի վայրում չեն կառուցվում կառավարական ամառանոցներ, երբ երկրում կան անտուն մարդիկ, և նրանց երեխաները ցրտից սառչում են փողոցում: Ոչ մի տեղ, անգամ աշխարհի ամենահարուստ երկրում, պետության ղեկավարը չունի 7 նստավայր, երկու ինքնաթիռ և մի քանի ուղղաթիռ: Չէ՞ որ այդ ուղղաթիռների համար վճարվել է 80 միլիոն դոլար:
Սաակաշվիլին ներկայումս փորձում է իր արած բոլոր վատ բաները գցել նոր կառավարության վրա: Սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվի, որովհետև վրաց ժողովուրդը բավական զարգացած և խելամիտ է, որպեսզի սևը սպիտակից տարբերակի»:







































