Հյուսիսային Կորեան ակնկալում է օտարերկրացի զբոսաշրջիկների թվի լուրջ աճ՝ երկրում ժամանցային ծառայությունների մակարդակի բարձրացման և սպասարկման որակի բարելավման հաշվին: Այս մասին ճապոնական «Կիոդո» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հյուսիսային Կորեայի զբոսաշրջության գլխավոր բյուրոյի ղեկավար Կիմ Դո Չժունը:
«Մենք կուզենայինք օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը մեծացնել տասնյակ և նույնիսկ հարյուրավոր անգամներ»,- նշել է նա: Նրա խոսքով՝ 2013թ. զբոսաշրջության նպատակով Հյուսիսային Կորեա այցելել է մոտ 100.000 արտասահմանցի, ընդ որում՝ «վերջերս ակտիվացում է նկատվում Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Հարավարևելյան Ասիայի երկրներից ժամանող զբոսաշրջիկների շրջանում»: Նա նաև նշել է, որ զբոսաշրջիկների հոսքի մեծ մասը բաժին է ընկնում Չինաստանին և Ռուսաստանին:











































