ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը, որն, ըստ էության, նրա առաջին նախընտրական ելույթն էր որպես 2013-ի նախագահական ընտրությունների թեկնածու, երկար բաժակաճառ էր հիշեցնում, գրում է «Հայկական ժամանակ»-ը: Սարգսյանը, որ հավակնում է նախագահական երկրորդ ժամկետին, այդ «բոցաշունչ ճառում» այդպես էլ որևէ կոնկրետ ցուցանիշ, կոնկրետ ձեռքբերում կամ բացթողում չներկայացրեց, հանդես չեկավ նախորդ հինգ տարիների հաշվետվությամբ: Նրա ելույթից, ինչպես արդեն նշել ենք, հանրության մոտ տպավորվել է միայն «և վերջ» արտահայտությունը, և այդ արտահայտության շուրջ սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր է սև հումորներ են անում: «Սա նոր Հայաստան է և վերջ: Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ: Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ: Սա տնտեսական ազատության և մրցակցության Հայաստան է և վերջ: Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է և վերջ: Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է և վերջ: Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաև հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ: Կեցցե Հայաստանը: Առաջ, դեպի ապահով Հայաստան»,- այսպես էր ավարտվում Սերժ Սարգսյանի ելույթը:
Այդ ելույթի մի ամբողջ հատված էլ սկսվում է «պետք է» արտահայտությամբ. «Մենք լուրջ նպատակներ պիտի ամրագրենք տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական, տարածքային համաչափ զարգացման մեր քաղաքականությունների համար: Պետք է կարողանանք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ապահով Հայրենիք կերտել և հոգալ յուրաքանչյուր ընտանիքի ապահովվածության խնդիրը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք կարողանալու ենք: Հայաստանում բացվող ամեն նոր օրը պետք է տարբերվի նախորդից՝ լինելով ավելի լավը: Ապահով Հայաստանի նպատակադրումն իրագործելու ենք հենց այս տրամաբանությամբ՝ «ավելի լավ Հայաստանի» տրամաբանությամբ, «բարեկեցիկ, ապրելու և գործելու համար հարմարավետ, ուժեղ և անառիկ Հայաստանի» տրամաբանությամբ հիմքում ունենալով ապահովված ընտանիքի գաղափարը: Ապահով Հայաստանում յուրաքանչյուրս պետք է կարողանա իրականացնել իր երազանքները, կյանքի կոչել անձնական, ընտանեկան և ազգային նպատակները՝ անցյալում թողնելով արատավոր երևոյթները՝ արտոնյալների դասը, մենաշնորհներն ու ամենաթողությունը»: Սա, ինչպես հասկացաք, ապագա 5 տարիների համար տրվող խոստումներն են: Ինչ վերաբերում է նախորդ 5 տարիների ընթացքում արվածին, Սերժ Սարգսյանը նշում է. «Տնտեսական աճի մեր իրականության մեջ աննախադեպ տեմպերի շնորհիվ նյութական նախադրյալներ ստեղծեցինք զարգացման համար (…): Մենք կարողացանք երկիրը դուրս բերել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Կարողացանք թեթևացնել փոքր ու միջին ձեռնարկությունների հարկային բեռը: Կարողացանք հազարավոր աշխատատեղեր փրկել հանքարդյունաբերության և շինարարության մեջ: Կարողացանք լուրջ թափ հաղորդել սննդի ու թեթև արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը (…): Նախաձեռնեցինք հաղորդակցության միջպետական աննախադեպ կառույցներ: Կարողացանք երկրում վերջապես իրականություն դարձնել անվճար ծննդօգնությունը և բուժօգնությունն անհամեմատ ավելի մատչելի դարձնել»: Այս թվարկումը ՀՀ շարքային քաղաքացիների մոտ կարող է լավագույն դեպքում՝ ժպիտ, վատագույն դեպքում՝ ցասում առաջացնել: Համենայնդեպս, քաղաքացիների քննարկումներում գերակշռող կարծիքը հետևյալն էր. «Մեզ ձեռ է առնում»:
Երեկ, երբ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանին թերթը հարցրեց, թե սույն մեկնարկային ելույթով Սերժ Սարգսյանը մինչև ուր կարող է հասնել, նա պատասխանեց.
– Կարող ենք ասել, որ նախընտրական կամպանիա է, բնականաբար, նախընտրական կամպանիայի ժամանակ նմանատիպ բազմաթիվ ելույթներ կլինեն: Սակայն, գեղեցիկ ելույթների ժամանակը վաղուց անցել է, և պետք է, այսպես ասած, գործի ժամանակը գա, իսկ գործը չկա: Այդ ելույթից մի քանի օր անցել է, բայց դեռևս պարենային և ոչ պարենային մի քանի տասնյակ անուն ապրանքատեսակների ներկրման մենաշնորհը պահպանվել է, նշանակում է՝ այդ ելույթն արժեք չունի, ելույթն ազդեցություն չի ունեցել, դա ուղղակի նախընտրական կամպանիայի տեսակետից պետք է գնահատել: Ի վերջո, ճառ ասելու ժամանակը վաղուց է անցել, զանգ կախող է պետք, զանգ կախողը չկա:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդ ելույթի մեջ ոչ մի թիվ չկար, որևէ ցուցանիշ ներկայացված չէր, ոչ մի կոնկրետ բան չկար, բացի խոստումներից: Հինգ տարի իշխանության մնացած ղեկավարը ներկա ցուցանիշներով ինչպես է պատրաստվում գնալ երկրորդ՝ ժամկետի:
– Իսկ ինչո՞ւ պետք է թվեր լինեին: Կրկնում եմ, դա ընդամենը նախընտրական կամպանիա էր, նմանատիպ ելույթներ լսել եք այս վերջին 20 տարում և ոչ միայն 20 տարում: Շուտով կուսակցությունների համագումարներ տեղի կունենան, նորից կլսեք նմանատիպ գեղեցիկ ելույթներ: Բայց, կրկնում եմ, վաղուց գեղեցիկ ելույթների ժամանակն անցել է, ով ցանկանում է գործ անել, նա առանց ելույթի գործ է անում, ով չի ցանկանում, կարելի է 400 հատ նման ելույթ ունենալ, կարևորը գործն է: Չեմ կարծում, որ այդ ելույթը հասարակության վրա ինչ-որ տպավորիչ ազդեցություն է թողել, որովհետև հասարակությունն իր պատասխանն արդեն տվել է: Նա տասնյակ հազարներով հեռանում է: Այս արտագաղթի ցուցանիշն է հասարակության վերաբերմունքը իշխանությունների և նրա առաջնորդի ելույթի նկատմամբ: Մենք տեսանք, որ հասարակությունն անտարբեր է. մի երկու-երեք օրից այդ ելույթը կմոռացվի, կգնա: Ես չեմ կարծում, որ Հայաստանի ողջ բնակչությունը շունչը պահած, սպասում էր, որ Սերժ Սարգսյանը այդ համագումարի ժամանակ ելույթ ունենա:








































