Մուամար Քադաֆիի տապալումից հետո ծայրահեղական խմբերը Լիբիայում գործում են փաստացիորեն անպատիժ, երկրում իրավիճակը զգալիորեն սրվել է։ Այս մասին խոստովանել է պետդեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով կոորդինատոր Դենիել Բենջամինը,- հայտնում է Rosbalt-ը:
«Լիբիայում հեղափոխությունը նախադրյալներ և մեծ հնարավորություններ է ստեղծել ծայրահեղական խմբերի գործունեության համար: Մենք դրանում համոզվեցինք սեպտեմբերի 11-ին, երբ սպանվեցին դեսպան Սթիվենսն ու պետդեպարտամենտի 3 աշխատակից: Իրավակարգն ապահովող, հատկապես հասարակական կարգի պահպանմամբ զբաղվող ինստիտուտների թուլացումը պայմաններ է ստեղծել ահաբեկչությության աճի համար: Լիբիայում իրավիճակն այնպիսին է, որ ահաբկիչները կարող են իրենց գործունեության համար օգտագործել անցումային շրջանի բոլոր դժվարությունները»,- Բենջամինի խոսքն են մեջբերում ԶԼՄ-ները:
«Նման մեկ այլ օրինակ» նա անվանել է Սիրիան, որտեղ արդեն կես տարուց ավելի ընդդիմությունն Արևմուտքի աջակցությամբ զինված պայքար է մղում կառավարության դեմ: Բենջամինի խոսքով` «Ալ-Քաիդա»-ի իրաքյան ճյուղի անդամները ուզում են հաստատվել Սիրիայում: Նա խոստովանել է, որ ահաբեկիչները կռվում են ընդդիմության կողմից:
Ավելի վաղ հայտնում էին, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) շարունակում է տեղեկություններ հավաքել Քադաֆիի սպանության վերաբերյալ:
2011-ի հունիսի 27-ին Դատարանի մինչդատական պալատը հրահանգել էր ձերբակալել Մուամար Քադաֆիին , նրա որդուն` Սեյֆ Ալ-Իսլամ Քադաֆիին և հետախուզական ծառայության ղեկավար Աբդուլլա Ալ-Սանուսիին: ՄՔԴ-ն հայտարարել էր, որ նրանք մասնակցել են քաղաքացիական անձանց սպանությանը, այլախոհների հետապնդմանը և այլ հանցագործությունների:
Լիբիայում զինված ապստամբությունը տեղի է ունցել 2011-ի փետրվարից հոկտեմբերին: Կառավարող վարչակարգի և ընդդիմադիրների բախման հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, մեծ վնաս էր կրել տնտեսությունը:










































