Financial Times թերթը կազմել է 2012թ. ամենագլխավոր հինգ իրադարձությունների ցուցակը:
Առաջին հորիզոնականում են Եվրոպական կենտրոնական բանի նախագահ Մարիո Դրագիի՝ եվրոգոտու ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը: 2012թ. «Հին Եվրոպայից» կախված է եղել համաշխարհային տնտեսության ճակատագիրը, իսկ Դրագին կարողացել է «լիցքաթափել ճգնաժամի սրությունը»:
2012թ. ամենագլխավոր իրադարձությունների ցուցակի երկրորդ հորիզոնականում է Սիրիայի պատերազմը, իսկ երրորդ հորիզոնականում` Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» հաղթանակը: Ինչպես գրում է թերթը, պարզ չէ, թե ինչ կլինի Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո: Իսկ Եգիպտոսի նախագահական ընտրություններում Մուհամմադ Մուրսիի հաղթանակը դրսևորել է «քաղաքական իսլամի» հզորությունը: «Հաջորդ տարի եգիպտական և արաբական լիբերալիզմն ավելի կկորցնի իր դիրքերը»,- նշում է թերթը:
Տարվա չորրորդ իրադարձություն է համարվում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերընտրվելը: Հինգերորդ իրադարձությունը`Չինաստանի և Ճապոնիայի միջև վեճն է Արևելա-Չինական ծովի անմարդաբնակ կղզիների համար:
Որպես տարվա գլխավոր իրադարձություն՝ պարբերականը նշել է նաև «Սենդի» փոթորիկը և ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի դպրոցի սպանդը:









































