Twitter միկրոբլոգների համակարգը համաձայնագիր է կնքել Nielsen ընկերության հետ, որը չափում է հեռուստավարկանիշները: Այս մասին հաղորդում է Lenta-ն` վկայակոչելով Twitter-ի պաշտոնական բլոգը:
Nielsen Twitter TV Rating անունը կրող չափումների համակարգը հիմնվելու է Twitter-ի տվյալների վրա: Համակարգը կհետևի միկրոբլոգում հեռուստահաղորդումների քննարկմանը` հաշվելով հաղորդումների հիշատակմամբ թվիթները և օգտատերերի քանակը, որոնք կարող են այդ քննարկումը կարդալ սոցիալական կայքում: Համակարգը հաշվի է առնելու նաև օգտատերերի կողմից հեռուստահաղորդումներին տրված գնահատականը:
Nielsen Twitter TV Rating համակարգը հետևելու է ԱՄՆ-ի 234 ալիքների վարկանիշին, որոնք հաղորդումներ են հեռարձակում անգլերեն և իսպաներեն: Nielsen Twitter հեռուստավարկանիշի տվյալները համեմատվելու են Nielsen գոյություն ունեցող համակարգի տվյալների հետ:
Twitter միկրոբլոգի համակարգը հիմնվել է 2006թ.: Ներկա պահին այն ունի ավելի քան 500 միլիոն օգտատեր:
Nielsen-ը հեռուստաչափման առաջատար ընկերություններից մեկն է ԱՄՆ-ում:









































