Իսրայելի իշխանությունները վերակենդանացրել են Երուսաղեմի վիճելի տարածքներում 1500 կացարան կառուցելու ծրագիրը, ինչը ցույցերի պատճառ է հանդիսացել Պաղեստինի ինքնավարությունում: Վերջինս սպառնացել է դիմել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ռամաթ-Շլոմո թաղամասում նախատեսվող շինարարությունը «կանաչ լույս» է ստացել Երուսաղեմի նախագծման և շինարարության հարցերով շրջանային հանձնաժողովի կողմից:
Պաղեստինի ինքանվարության մամլո քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնը իսրայելցիների գործողություններն անվանել է միջազգային հանրությանն ուղղված ակնհայտ մարտահրավեր:
Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը պաղեստինցի դիվանագետներին հանձնարարել է կապ հաստատել ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների հետ` Երուսաղեմում բնակավայրեր կառուցելու իսրայելական ծրագրերը համատեղ ուժերով կանգնեցնելու համար:
Միջազգային հանրությունը սովորաբար քննադատում է Երուսաղեմում իսրայելական բնակավայրեր կառուցելու ծրագիրը:









































