1946 թ. այս օրը Ցինցինատի քաղաքում (ԱՄՆ) ծնվել է աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը, որը համարվում է հոլիվուդյան կինոաշխարհի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը,- հայտնում է Calend-ը:
Կինոարվեստով սկսել է հետաքրքրվել վաղ տարիքից, երբ հայրը նրան նվիրել է 8-միլիմետրանոց տեսախցիկ: Նա սկսել է ակտիվ նկարահանել սիրողական ֆիլմեր, իսկ 12 տարեկանում ժյուրիի դատին է ներկայացրել իր աշխատանքը՝ «Փախուստ ոչ մի տեղ» 40-րոպեանոց ֆիլմը:
Սփիլբերգին երկու անգամ մերժել են ընդունել Հարավային Կալիֆոռնիայի կինոդպրոց: Ապագա կինոռեժիսորը ստիպված էր սովորել տեխնիկական քոլեջում ու ձանձրույթի պահերին ֆիլմեր նկարահանել:
Հոլիվուդի դռները նրա առաջ բացվեցին «Ամբլին» ժապավենի շնորհիվ, իսկ 1974-ին նա մուտք գործեց մեծ կինո:
Նրան առավել շատ ճանաչում բերեցին «Ծնոտներ» ֆիլմը, Ինդիանա Ջոնսի արկածների մասին շարքը, «Շինդլերի ցուցակը», «Մարտական ձին» և այլն:
Սփիլբերգի մասնակցությամբ արտադրվել է ավելի քան 100 ֆիլմ: Նրա ֆիլմերը արժանացել են բազմաթիվ «Օսկար»-ների: Այսօր ռեժիսորը համարվում է ամենավարձութային ռեժիսորը համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ և ամերիկացի ամենահաջողակ ու հարուստ ռեժիսորներից մեկը։







































