2011 թ. այս օրը երկարատև հիվանդությունից հետո մահացավ չեխ գրող, Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն։
Գրող, դրամատուրգ, Չեխոսլովակիայի նախկին (1989-1992 թթ.) ու Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելը (1993-2003 թթ.) ծնվել է 1936թ. հոկտեմբերի 5-ին Պրահայում գործարարի ընտանիքում, սակայն կոմունիստական պուտչից հետո նրա ընտանիքը կորցնում է հարստությունը:
Արդեն 1955 թ. նա սկսել է իր գործունեությունը՝ որպես գրաքննադատ «Կվետեն» ամսագրում ու շուտով ճանաչում է ձեռք բերել գրական շրջանակում: Վացլավը հոդվածներ է գրել նաև «Թատրոն» և «Մշակույթ» ամսագրերում, որոնք ավելի շատ քաղաքական բնույթ էին կրում: Իր ազատատենչությամբ հայտնի Հավելը բազմիցս ենթարկվել է բանտարկության, նրա պիեսները արգելվել են Չեխոսլովակիայում, սակայն բեմադրվել են շատ եվրոպական երկրներում:
Նա «Խարտիա-77»-ի ստեղծման նախաձեռնողներից էր, որը 1977 թ. ստորագրեցին ավելի քան 500 չեխ մտավորականներ: Արդյունքում՝ 1979 թ. Հավելը բանտարկվեց ու 4 տարի անցկացրեց բանտում:
Հավելը «Քաղաքացիական ֆորումի» ստեղծման նախաձռնողներից էր, որը երկրում դարձավ դեմոկրատական ընդդիմություն առաջատար ուժ: Նրա ազդեցությունը՝ որպես քաղաքական գործչի, մեծանում էր, և 1989 թ. դեկտեմբերի 29-ին նա միաձայն ընտրվեց Չեխոսլովակիայի նախագահ, իսկ 1990 թ.՝ 2 տարի ժամկետով վերընտրվեց առաջին ազատ ընտրությունների արդյունքում:
Նրա իշխանության հետ են կապում երկրում առաջին տնտեսական բարեփոխումներն ու հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացումը:
Նա հանդես էր գալիս միասնական Չեխոսլովակիայի պահպանման օգտին: 1992 թ. բախվելով երկրի անխուսափելի բաժանման հետ՝ Հավելը հրաժարականի դիմում ներկայացրեց:
Նա Չեխոսլովակիայի վերջին նախագահն էր, սակայն 1993 թ. դարձավ նոր ձևավորված Չեխիայի Հանրապետության առաջին նախագահը:1988 թ. նա դարձյալ նախագահ վերընտրվեց 5-ամյա ժամկետով:
Նախագահության տարիներին Հավելը ոչ մի պիես չստեղծեց: Նա արժանացել է չեխական ու միջազգային մրցանակների, մի քանի անգամ առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի:











































