«Երկու օր առաջ տարածված՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնի ձայնագրությունից քաղաքական լրտեսության հոտ է գալիս: Սխալ է այդպիսի փակ քննարկումներն ընդունել՝ որպես բացարձակ ճշմարտություն». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով գաղտնալսված խոսակցության փաստին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ նման խոսակցությունների ժամանակ հնարավոր է՝ զրուցակիցը խայծեր գցի խոսակցության ընթացքում դիմացինի կարծիքը լսելու համար, դա կարող է տեսական քննարկում լինել: Դա դնել ու քաղաքական գործունեության հիմք դարձնելը, Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, սխալ է:
«Ես այն կարծիքին եմ, որ երկու ուժերին էլ սա ձեռնտու չէր: Բացարձակապես մերժում եմ այն կարծիքները, որ իրենցից որևէ մեկը կարող էր սա կազմակերպած լինել: Նույնիսկ այս պարագայում՝ Օսկանյանին ինչո՞ւ էր պետք ձայնագրել և տարածել, իմաստ չկա, սա դրսից իրականացված քայլ էր»,- տեսակետ հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ սա իշխանական թևի որևէ ուժի կողմից կամակերպված գաղտնալսում է, քանի որ, իր տեղեկություններով, խոսակցություն միայն ԱԱԾ-ն չէ, որ գաղտնալսում է:








































