Դեկտեմբերի 12-ին արձակված հյուսիսկորեական արբանյակը գտնվում է ուղեծրում, սակայն դրանից ոչ մի ազդանշան չի ստացվում, կամ դրանք շատ թույլ են: Այս մասին France-Presse գործակալությանը հայտնել է Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի մասնագետ Ջոնաթան Մաքդաուելը:
Մաքդաուելը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, «Կվանմենսոն-3»-ը շարքից դուրս է եկել, թեև վերջնականապես պարզ չէ՝ այն ընդհանրապես աշխատե՞լ է թե՞ ոչ: Բացի այդ, ամերիկացի աստղաֆիզիկոսների դիտարկմամբ՝ Արևը լուսավորում է տիեզերական ապարատը տարբեր անկյուններով, իսկ դա նշանակում է, որ այն ուղղված չէ դեպի Երկիր:
Թե ինչքան հյուսիսկորեական արբանյակը կգտնվի տիեզերքում՝ բարդ է հաշվելը, նշել է Մաքդաուելը, սակայն դատելով ուղեծրի խտությունից և բարձրությունից, մի քանի տարի այն այնտեղ կմնա: www.n2yo.com կայքի տվյալներով՝ «Կվանմենսոն-3»-ի ուղեծրային բարձրությունը կազմում է 505.4-588.9 կմ:
Հիշեցնենք, որ արբանյակի արձակումից հետո Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ տեղի գիտնականների մշակած տեխնոլոգիան «անթերի» է: Տիեզերական ապարատն արձակվել է Երկրի մակերևույթի ուսումնասիրման և օդերևութաբանական տվյալների հավաքման, ինչպես նաև Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի մասին հայրենական երգերի հեռարձակման համար: Այս մասին հաղորդում են հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ները:
Միջազգային հանրությունը կտրուկ քննադատության էր ենթարկել հյուսիսկորեական արբանյակի արձակումը՝ կասկած հայտնելով, որ Փխենյանը ռազմական նպատակներով բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացնում:








































