Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չէր ցանկանա, որ իր երկիրը դուրս գա Եվրամիության կազմից, սակայն չի բացառում նման հնարավորությունը: Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել է երկուշաբթի՝ ելույթ ունենալով Միացյալ Թագավորության խորհրդարանականների առջև,- հայտնում է ITAR-TASS-ը:
Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին այն մասին, թե նա «պատկերացնո՞ւմ է Լոնդոնը ԵՄ-ից դուրս», Քեմերոնը պատասխանել է. «Ես չեմ սատարում այդ տեսակետին և դրա վրա իմ ժամանակը չեմ ծախսում»: Նա հավելել է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում իրադարձությունների զարգացման ոչ մի տարբերակ չի կարելի բացառել: «Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և մենք կարող ենք ընդունել անկախ որոշումներ»,- ասել է նա:
«Կարծում եմ՝ մենք պետք է մնանք ԵՄ-ում, որպեսզի շարունակենք լինել միասնական շուկայի մասնակիցներ և հնարավորություն ունենանք մեծացնելու մեր ազդեցությունը Եվրոպայում: Սակայն մենք չպետք է վախենանք բացեիբաց արտահայտվել մեր դժգոհությունը հարուցող հարցերի շուրջ»,- ընդգծել է նա:
Ակնհայտ է, որ կառավարության ղեկավարը նկատի ուներ ԵՄ կազմում Մեծ Բրիտնիայի հետագա գտնվելու նպատակահարմարության հարցով առաջիկա հանրաքվեն:
Քեմերոնը նաև հայտնել է խորհրդարանի անդամներին, որ շուտով հանդես կգա ելույթով՝ նվիրված 27 պետության միավորող ԵՄ-ում իր երկրի գտնվելու հարցին: Նրա խոսքով՝ այժմ ինքն աշխատում է ելույթի տեքստի վրա և մտադիր է իր դիրքորոշումը ներկայացնել 2013-ի հունարի կեսերին:











































