ԵՄ-ն հարգում է Հայաստանի որոշումը՝ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հրաժարվելու վերաբերյալ, եթե նույնիսկ ափսոսում է դրա համար: Այս մասին սեպտեմբերի 12-ին Կիևում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ գրում է Haqqin.az-ը:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության քաղաքականությանը՝ Բարոզուն նշել է, որ այդ քաղաքականությունը տարվել է հրապարակային և թափանցիկ: Նրա խոսքով՝ իրենց արևելյան գործընկերներին իրենք միշտ հորդորում են լավ հարաբերություններ պահպանել հարևանների հետ:
Բարոզուի կարծիքով՝ Հայաստանի դեպքն ուսուցողական է:
«Այդ երկիրը ևս բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, սակայն ամենավերջին պահին ուժեղ ճնշման ներքո որոշեց այն չստորագրել: Արդյոք քննադատո՞ւմ ենք մենք այդ որոշումը: Արդյոք դադարեցնո՞ւմ ենք մեր առևտուրը: Արդյոք մենք միջոցառումնե՞ր ենք սահմանում նրա դեմ: Իհարկե՝ ոչ: Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, եթե նույնիսկ ափսոսում ենք դրա համար»,- ասել է նա:









































