Լողի 5-ակի չեմպիոն ամերիկացի Ռայան Լոխտեն երկրպագուներին է բաժանել մեդալները, որոնք նվաճել է աշխարհի առաջնության ժամանակ: Այդ մասին հայտնել է BBC-ն:
Աշխարհի առաջնությունն անցկացվել է Ստամբուլում` դեկտեմբերի 12-ից 16-ը: Ամերիկացին 8 մեդալ է նվաճել, այդ թվում` 6 ոսկե:
Լողորդը հայտնել է, որ նման վարքի իրեն դրդել է մանկության տարիների մի դեպք, երբ հանրահայտ մի մարզիկ հրաժարվել է ինքնագիր տալ Լոխտեին: 28-ամյա լողորդը հայտնել է նաև, որ նախատեսում է փոքր-ինչ հանգստանալ, այնուհետև պատրաստվել 2016 թվականի Օլիմպիական խաղերին:
«Պետք չէ հիշեցնել ինձ, որ այդ ժամանակ ես արդեն 32 տարեկան կլինեմ, և ինձ համար բարդ կլինի, սակայն ցանկանում եմ հաջողություններ գրանցել: Ինձ կօգնի երկրպագուներիս աջակցությունը»,- հայտարարել է Լոխտեն:







































