Միացյալ Նահանգները կարծում է, որ Սիրիայում կառավարական զորքերը վերջին ամիսների ընթացքում ընդդիմության ջոկատների դեմ որպես զենք կիրառել են թունավոր քիմիական նյութեր, մասնավորապես՝ քլոր: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) նոր զեկույցը:
«Փաստերի բացահայտման ՔԶԱԿ-ի առաքելությունը համոզիչ ապացույցներ է գտել այն բանի, որ այս տարի ավելի վաղ Սիրիայի հյուսիսում պարբերաբար կիրառվել են թունավոր քիմիկատներ»,- ասվում է Հաագայում տարածված փաստաթղթում, որում նշվում է, որ «տուժածների նկարագրությունների, ֆիզիկական տվյալների, ախտանիշների, նաև բուժմանն արձագանքի հիման վրա կարելի է մեծ վստահությամբ պնդել, որ կիրառվել է մաքուր կամ որոշ խառնուրդներով քլոր»:
Հարֆը նշել է, որ ըստ ստացված տվյալների՝ քլորով լի տակառներն ուղղաթիռներից նետվել են հակառակորդի դիրքերի վրա:
«Սիրիայում չափավոր ընդդիմության ուժերն այդպիսի հնարավորություններ չունեն, նրանք ավիացիա չունեն,- ասել է Հարֆը:- Դա թույլ է տալիս եզրակացնելու, որ նման հարձակումների պատասխանատվությունը կրում է Ասադի ռեժիմը, որի տրամադրության տակ ուղղաթիռներ կան»:
Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը «խորապես անհանգստացած է այդ հաղորդագրությունների» առնչությամբ և ակնկալում է դեպքերի հանգամանքների հետաքննության շարունակություն ՔԶԱԿ առաքելության կողմից:











































