Հրապարակախոս Արա Նեդոլյանը, «կագեբեական ոճի ստոր արարք» բնորոշելով Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան ձայնագրության համացանցում հայտնվելը՝ նշեց, որ սա սադրանք, շանտաժ է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում են ներկայիս իշխանությունները:
«Իրենց ձեռագիրն է, միանշանակ: Բայց կա նաև հարցի մյուս կողմը՝ հիշու՞մ եք, երբ «Վիկիլիքս»-ը հրապարակել էր որոշ հայ ընդդիմադիրների ԱՄՆ դեսպանատանն ունեցած զրույցները: Մինչ այդ՝ Արթուր Բաղդասարյանի զրույցը արտասահմանցի դիվանագետի հետ: Աշխարհը դառնում է համընդհանուր հաղորդակցության աշխարհ, և ձևավորում է անձեռնմխելիության հետ մեկտեղ դրան հակադիր մի արժեք, այն է՝ տրանսպարենտություն, հայերեն՝ թափանցիկություն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ սա նշանակում է՝ հրապարակային մարդը՝ լինի քաղաքական, թե այլ ոլորտի գործիչ, պետք է իր մեջ դաստիարակի միշտ այնպես խոսելու ու գործելու ունակություն, որ ցանկացած պահին իր խոսքը ու արարքը հնարավոր լինի մատուցել հասարակությանը:
Ըստ Ա. Նեդոլյանի՝ ամենամտերիմ ընկերոջ հետ, անգամ ինքն իր մտքում խոսելիս խոսքը, միտքը պետք է ձևակերպվեն իբրև բաց խոսք ու միտք, պատասխանատու և ոչ ամոթալի:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա այն ՀԱԿ-ի վրա, նա ասաց, որ այս հրապարակումը մեծ վնաս է հասցրել Կոնգրեսին, և կարծում է, որ դրան պետք է տալ կազմակերպված պատասխան, այն է՝ հավաքվել՝ Լևոն Տեր-Պետրոսայնով, Հրանտ Բագրատյանով, Նիկոլ Փաշինյանով, Լևոն Զուրաբյանով, և հստակեցնել փոխադարձ հարաբերությունները, վերաբերմունքը Կոնգրեսին, ընտրություններին ու առաջադրվելիք հնարավոր թեկնածուին, քննարկել ու բանականացնել եղած հակասությունները, ձևակերպել դրանք կա՛մ հաղթահարելու, կա՛մ իբրև բազմակարծություն փոխադարձաբար հանդուրժելու ձևը:
«Առանց այս հրապարակման էլ պարզ էր, որ դրա անհրաժեշտությունը հասունացել է, և հուսով եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իբրև այս մարդկանց մեջ ավագը, և իբրև Կոնգրեսի առաջնորդը, դա կձեռնարկի: Շատ լավ կլիներ նաև, որ այդ խորհրդակցությունը ավարտվեր հրապարակային պարտավորեցնող հայտարարությամբ»,- ավելացրեց Արա Նեդոլյանը:









































