Գործարար Հակոբ Հակոբյանը տեսնում է այն ներուժը, որ Հայաստանը որոշ ապրանքների մասով կարող է կերակրել Ռուսական շուկան: Ավելին՝ նրա խոսքով, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցները կարող են խթան հանդիսանալ Հայաստանում գյուղատնտեսության նոր թափով զարգացման համար: Պարզապես պետությունը, կառավարությունը պետք է խրախուսի անհատ ձեռներեցներին, կազմակերպություններին, որպեսզի նրանք սկսեն մշակել հողերը: Դրանից հետո, կարճ ժամանակում Հայաստանը բանջարեղեն ներկրող երկրից կդառնա արտահանող երկիր:
«Հայաստանը Ռուսաստան կարող է արտահանել հիմնականում բանջարեղեն, պահածոներ, մուրաբաներ, տոմատի մածուկ և այդ կարգի այլ ապրանքներ: Պարզապես պետությունը պետք է հովանավորի այդ անհատներին, կազմակերպություններին, գյուղացուն, որպեսզի նրանք կարողանան լուրջ արտադրանք տան: Հիմա, եթե այդ անհատ ձեռներեցը 1 հեկտար հող են մշակում, ապա հովանավորվելու դեպքում դա կրկրկնապատկվի և կդառնա մի քանի հեկտար: Աստիճանաբար նաև անմշակ հողերը կդառնան մշակովի»,-կարծում է գործարարը: Ապա հավելելում է. «Օրինակ, հենց հիմա իմ ընկերներից մեկը եկել է Ռուսաստանից և օրական Հայաստանից 200 տոննա վարունգ է ուզում: Իսկ 200 տոննա վարունգ տալը հեշտ է, քանի որ գյուղատնտեսության մեջ կա երկու վեգետացիոն սեզոն, այսինքն՝ տարվա մեջ 2 անգամ կարելի է բերք ստանալ: Եթե գյուղացին տեսնի, որ արդեն կա պայմանագիր, կա պահանջարկ, ապա համոզված եմ, որ ինքն արդեն երկրորդ բերք կցանի, որը մինչ այդ չէր անում: Իսկ նախկինում՝ կոմունիստների ժամանակ, հողը երկու անգամ օգտագործվում էր: Եվ հիմա, եթե պետությունը, գյուղնախարարությունը կարողանան համապատասխան երաշխիքներ ստեղծել, ապա իսկապես դա կարող է շատ լավ պայմաններ ստեղծել և՛ պետության համար, և՛ գյուղացու: Պարզապես ամեն ինչ պետք է պայմանագրերով ֆիքսվի»:
Հակոբյանի խոսքով՝ կառավարությունից էլ առանձնապես բան չի պահանջվում, պարզապես կառավարությունը պետք է երաշխիք լինի պետության և տնտեսվարողի միջև: «Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ գյուղացին վստահ լինի, որ իր արտադրանքը չի մնա դաշտում: Եվ հետո՝ գյուղացուն էլ շատ բան պետք չէ կառավարությունից. մի քիչ արտոնյալ պայմաններ, պարարտանյութ, և մարդիկ արդեն ոգևորված իրենց հողերը կօգտագործեն երկու անգամ, որը մեզ մոտ մինչ այդ չէր լինում»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ ինքը դեռ ուսումնասիրում է, թե ստեղծված վիճակում ինչ կարող է անել:
ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը այս պահին վստահ չէ, որ Հայաստանը կկարողանա Ռուսական շուկան ապահովել գյուղմթերքով ինչպես շատերն են պնդում, քանի որ երկու երկրների շուկաներն անհամեմատելի են: Սակայն առաջիկա քառօրյայում պատրաստվում է խնդրի հետ կապված ԱԺ-ում հարցեր բարձրացնել, որոնցով փորձ կարվի խնդրի լուծման մեխանիզմներ գտնել: «Ամբողջ շուկան ապահովել հնարավոր չէ, բայց որոշ ապրանքների մասով հնարավոր է արտահանում իրականացվել: Բայց եթե կառավարության կողմից ֆինանսավորում, աջակցություն լինի գյուղացուն, բնականաբար կավելանան արտահանման ծավալները: Ինչի՞ մասին է խոսքը: Ես նույնպես առաջիկայում պատրաստվում եմ հարցեր առաջ քաշել հօգուտ գյուղատնտեսության ոլորտում աշխատողների և հօգուտ մարզի բնակիչների: Ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի գյուղացու հոգսը թեթևանա»,- ասաց Մուրադյանը:
Նրա խոսքով՝ այսօր գյուղմթերքի գինը չի գոհացնում գյուղացուն, սակայն եթե արտահանման ծավալները մեծանան, ապա ապրանքի գինն էլ կաճի: «Խնդիրն այստեղ է, բայց եթե ամեն ինչ մեծ քանակությամբ արտահանվի, բնականաբար, ապրանքն իր արժեքը կունենա: Իսկ եթե հիմա ապրանք կա, որի գինը 30-40 դրամ է, ապա դա նույնիսկ իր ծախսերը չի փակում: Մի խոսքով՝ ստեղծված վիճակը կարող է խթան հանդիսանալ հայկական գյուղատնտեսության զարգացման համար»,- ասաց Մուրադյանը:












































