Կուբայում շաբաթվա սկզբին վիրահատության ենթարկված Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը լիարժեք գիտակցության է եկել և հրամաններ է արձակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրի ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) ղեկավար Դիոսդադո Կաբելիոն` փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ինչպես և մենք հույս ունեինք, նա ապաքինվում է: Նա նկատելիորեն իրեն լավ է զգում, շփվում է` առանց որևէ խնդրի, և վերականգնում առողջությունը»,- ասել է Կաբելիոն, որը նաև իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցության փոխնախագահն է:
Պատասխանելով այն հարցին, թե Չավեսը կկարողանա՞ հունվարի 10-ին ստանձնել նախագահի լիազորությունները հերթական 6-ամյա ժամկետի համար, Կաբելիոն ասել է, որ դա կախված է այն բանից, թե ինչ կասեն բժիշկները: «Մենք դրա համար չէ, որ անհանգստանում ենք, այլ, որ նախագահն ամբողջությամբ վերականգնի առողջությունը»:
Հոկտեմբերի նախագահական ընտրություններում հաղթանակած Չավեսը եթե չկարողանա երդմնակալել, ապա 30 օրից ոչ ուշ ժամկետում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:









































