Մեքսիկա-ամերիկյան ծագմամբ 32-ամյա Խոսե Զամորան երկար ժամանակ աշխատանք է փնտրելուց հուսալքվել է այն պատճառով, որ նրա ռեզյումեին ոչ ոք չի պատասխանել: Այդ ժամանակ նա իր անունը փոխել է և դարձել Ջո: Այդ պահից սկսած հարցազրույցների մասնակցելու բազմաթիվ առաջարկներ է ստացել, գրում է russian.rt.com-ը:
«Ինձ սկսեցին հարցազրույցների կանչել և գոնե ինչ որ կերպ պատասխանել իմ դիմումներին միայն այն բանից հետո, երբ ես փոխեցի անունս: Ամենայն հավանականությամբ, Ջո անունը նրանց համար ավելի լավ է հնչում»,- պատմել է նա:
Ավելի վաղ, ամերիկյան արդարադատության համակարգում ռասայական խտրականությունների մասին էր ահազանգել Human Rights Watch իրավապաշտպան խոշորագույն կազմակերպություններից մեկը:
Կազմակերպության տվյալներով՝ ԱՄՆ-ում սպիտակամորթների և սևամորթների շրջանում թմրանյութերի օգտագործման մակարդակը միջինը նույնն է, սակայն աֆրոամերիկացիներին թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար ավելի հաճախ են ձերբակալում: Նրանց ավելի հաճախ են մեղավոր ճանաչում և ավելի երկարատև բանտարկության են դատապարտում:











































