Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարեցտարի աճում է ամուսնալուծությունների թիվը: Դրա համար բազմաթիվ պատճառներ կան, որոնց մասին զրուցեցիք «Այգ» հոգեբանական ծառայությունների գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանի հետ: Նա նշեց, որ երիտասարդները շատ հաճախ ամուսնանում են սիրելով, բայց համատեղ կյանքի ընթացքում զգում են, որ ամուր ընտանիք կառուցելու համար միայն սերըբավարար չէ, այդ պատճառով էլ առաջանում են վեճեր՝ ինչն էլ հանգեցնում է ամունալուծության:
«Այն, որ տարեցտարի մեծանում է ամուսնալուծվողների թիվը, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այս մարդկանց թվի աճի տենդենց կա նաև Հայաստանում: Տարածված պատճառներից մեկը դավաճանությունն է: Շատ հաճախ մարդիկ այս ծայրահեղ քայլին գնում են հենց զույգերից մեկի դավաճանության հետևանքով: Նշեմ նաև, որ այս խնդրի կապակցությամբ շատ են հոգեբանի օգնությանը դիմողները: Մեզ դիմում են հատկապես 30-35 տարեկան կանայք: Մինչև ամունալուծությունը նրանք ամուսնու վարքագծում տարօրինակ փոփոխություն են նկատում, ինչն էլ կասածի տեղիք է տալիս: Լինում են նաև դեպքեր, երբ կինն այդ կասկածամտության կամ արդեն իսկ կայացած փաստի պատճառով հոգեկան խանգարումներ է ստանում:
Ամուսնալուծության մեկ այլ պատճառ է սոցիալական ծանր պայմանները: Շատ հաճախմարդիկ այս քայլին գնում են ավելի լավ կյանքով ապրելու համար: Նախկինում մարդիկ ավելի հանդուրժող էին, միասին էին փորձում ելք գտնել, իսկ հիմա միանգամից ամուսնալուծվում են, երբ տեսնում են, որ չի իրականանում իրենց այս կամ այլ սպասելիքները: Առաջ նույնպես մարդիկ ունենում էին անհամաձայնություններ, բայց դրանք ժամանակի ընթացքում հարթվում էին: Իսկ այսօր ազատությունն ու ժամանակակից լինելն է,թերևս, այն պատճառը, որ մարդիկ չեն ուզում միասին հաղթահարել ֆինանսական դժվարությունները:
Ծնողներից մեկի հետ վատ հարաբերություններ ունենալը նույնպես կարող է ամուսնալուծության պատճառ հանդիսանալ: Աղջիկները հիմնականում նախընտրում են առանձին ապրել: Բայց պատահում է նաև, երբ տղան ընտանիքի միակ զավակն է լինում, և ծնողներն ուզում են, որ նորապսակներն իրենց հետ ապրեն: Հետագայում՝ համատեղ կյանքի ընթացքում, ամենաչնչին վեճն էլ կարող է դառնալ ամունալուծության առիթ:
Մեկ այլ կարևոր և տարածված պատճառ է երեխաներ չունենալը: Լինում է, երբ ամունանում են, և զույգերից մեկը շատ է ուզում երեխա ունենալ, կամ ծնողներն ուզում են, որ սերունդը շարունակվի, իսկ մյուս ամուսիննանպտուղ է լինում»,- ասաց Ռ. Պողոսյանը:
Հոգեբանընշեց նաև, որ ամուսնալուծության դիմում են ոչ միայն երիտասարդ զույգերը, այլև մեծահասակները. «20-30 տարի համատեղ կյանք անցկացնելուց հետո դիմում են ամուսնալուծության: Եվ սա այն դեպքում, երբ ունեն երեխաներ, թոռներ: Մարդիկ տարիների ընթացքում կորցնում են հետաքրքրությունը միմյանց հանդեպ, և նրանց հարաբերությունները գալիս կանգնում են մի փակուղու առջև, որի միակ ելքը ամուսնալուծությունն է: Որպես մասնագետ՝ կարևոր եմ համարում, որ ամունալուծության դեպքում զույգերը պահպանեն նորմալ հարաբերություններ: Դա առաջին հերթին լավ անդրադարձ է ունենում նրանց երեխայի վրա»։









































