Հայաստանի իրավիճակը ԵՄ-ից շարժունակություն է պահանջում: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ավստրիայի Հանրապետության արտգործնախարար Սեբաստիան Կուրցի համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Սեբաստիան Կուրցը՝ անդրադառնալով ՀՀ կատարած պաշտոնական այցի նպատակին:
Նախարարը նշեց, որ բավականին մեծ խմբով են եկել Հայաստան և ունեն երեք հիմնական թեմա, ապա ընդգծեց, որ իր համար կարևոր էր պաշտոնավարման առաջին տարում այցելել Հայաստան:
«Այստեղ շատ լարված քաղաքական իրավիճակ գոյություն ունի, որը ԵՄ-ից շարժունակություն է պահանջում»,- նշեց նա՝ շարունակելով, որ ԵՄ-ն պետք է հնարավորություն տա, որ Հայաստանն աշխատի Ռուսաստանի հետ, բայց շարունակի ընդլայնել համագործակցությունը ԵՄ-ի հետ:
Նախարարի խոսքով՝ շատ լավ հնարավորություն կա զարգացնելու երկկողմ տնտեսական համագործակցությունը: «Մենք մտադիր ենք Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակ բացել ՀՀ-ում տնտեսական համագործակցությունը ընդլայնելու համար, խթանելու երկու երկրների միջև հարաբերությունները: Աշխատանքային ճաշի ժամանակ կկարողանանք խորանալ այս հարցերի մեջ»,- նշեց Սեբաստիան Կուրցը:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ ասուլիսի ավարտից հետո ավստրիացի լրագրողները փորձեցին հայ լրագրողներին հասկացնել, որ նախարարի խոսքը ճշգրիտ չի թարգմանվել, որ Սեբաստիան Կուրցը խոսել է ոչ թե Հայաստանում լարված քաղաքական իրավիճակի, այլ հետաքրքիր քաղաքական իրավիճակի մասին: Այս հարցը ավստրիական պատվիրակությունից վերջնականապես պարզել չհաջողվեց:








































