Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը: Համագումարի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման հարցը: Համագումարին ներկայացվեց Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու:
Սերժ Սարգսյանը համագումարին հանդես եկավ ելույթով: Անդրադառնալով մի շարք ոլորտների՝ ՀՀ գործող նախագահը խոսեց նաև արտաքին քաղաքական առաջնահերթություններից: Նա նշեց, որ շարունակելու են մշտական ուշադրության կենտրոնում մնալ`
անվտանգության արտաքին բաղադրիչների ամրապնդումը, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը` հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, միջազգային քաղաքական և տնտեսական համագործակցության գործընթացներում և համակարգերում Հայաստանի ներգրավվածության ընդլայնումը, համազգային նշանակություն ունեցող խնդիրներին հետամուտ լինելը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ամենօրյա թափ հաղորդելը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերը, Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների զորացումը և ռազմավարական համագործակցության ամրապնդման ծրագրերի իրականացումը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացումն ու ընդլայնումը, Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության շարունակությունը, եվրոպական երկրների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը և մեր արտաքին քաղաքականության մյուս գերակայությունները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը անդրադարձավ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին արտաքին քաղաքականության մասով:
Նա նշեց, որ ՀՀ նախագահի յուրաքանչյուր թեկնածու ներկայացնում է այն գործողությունների ծրագիրը, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը և շեշտադրում գերակա ուղղությունները, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Ուստի, ըստ նրա, այս տրամաբանությունից ելնելով, շատ բարդ է, եթե չասենք` անհնարին, նշել բոլոր ուղղությունները, որոնց վրա հենվելու է երկրի արտաքին քաղաքականությունը, նշվում են այն հիմնական կետերը, որոնք վերաբերում են դրանց իրականացմանը: Սակայն, նրա գնահատմամբ, հիմնական ուղղությունները ներառվել են:
«Այստեղ բացարձակապես զարմանալի չէ, որ տեղ են գտել այն հարցերը, որոնք վերաբերում են անվտանգության քաղաքականությանը երկկողմանի և բազմակողմանի ձևաչափով: Սա ցույց է տալիս և՛ կուսակցության կողմնակիցներին, և՛ արտաքին աշխարհին, թե որոնք են ՀՀ արտաքին գլխավոր ուղղությունները սպասվող ժամանակաշրջանում:
Այն, որ ՀՀ-ն որդեգրել է ԵՄ ինտեգրման ճանապարհը, դրա մասին հայտնի է ոչ միայն այս ելույթից, այլև սրանից առաջ, որ ԵՄ ինեգրացման ճանապարհը արտաքին գերակայություններից մեկն է, սակայն դրա հետ զուգահեռ անհրաժեշտ է դիտարկել, լուծել, որդեգրել այն ինտեգրացիոն ձևաչափերը, որոնց ներգրավման դեպքում ՀՀ-ն կարող է ունենալ շահավետ արդյունք: Երբ խոսք է լինում համագործակցության ձևաչափերի մասին, կարելի է նշել նաև Եվրասիական միության մասին, որի վերաբերյալ Հայաստանը դեռևս չի ներկայացրել իր կարծիքը»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը՝ շարունակելով, որ, չունենալով հստակ տեղեկատվություն, թե ինչ է Եվրասիական միությունը, բնականաբար ասել, որ ՀՀ-ն ավելի ակտիվ մասնակցություն է ունենալու ինտեգրման այս գործընթացներին, սխալ կլիներ: Ուստի, նրա գնահատմամբ, ճիշտ է, որ այս մասին որևէ շեշտադրում տեղ չի գտել ՀՀ նախագահի ելույթում:





































