Մեր տեղեկություններով առաջիկայում Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու է Սուրիկ Խաչատրյանը: Վերջինիս տան մոտ 1,5 տարի առաջ տեղի ունեցած սպանությունից հետո Լիսկան կրկին կզբաղեցնի նախկին պաշտոնը:
Ինչո՞ւ, ինչո՞վ էր Սերժ Սարգսյանը պարտական Լիսկային: Ինչո՞ւ իշխանությունը չկարողացավ ազատվել Սուրիկ Խաչատրյանից:
Ընդհանրապես, Սյունիքի նախկին մարզպետն, ըստ երևույթին, ինչ-որ «գաղտնի հմայք» ունի, որ կարողանում է արդեն մոտ երկու տասնամյակ մնալ ջրի երեսին՝ չնայած իր և հարազատ-բարեկամների մասնակցությամբ պարբերական աղմկոտ պատմություններին՝ հաճախ ողբերգական ելքերով: Ինչպե՞ս պատահեց, որ Լիսկան 1990-ականների սկզբից սկսեց բարձրանալ Սյունիքի աստիճաններով. նախ վերցրեց Գորիսը, հետո 2000-ականների կեսին նշանակվեց ամբողջ Սյունիքի մարզպետ, և մինչև հիմա իշխանությունը համառորեն փորձում է պահել նրան: Լիսկան մի տեսակ «գնդի որդու» տպավորություն է թողնում, որին սիրում են բոլորը և փայփայում ու ներում ամեն ինչ: Համենայնդեպս, այդ իրավիճակներում սովորաբար երկու «սինդրոմ» է աշխատում՝ կա՛մ «գնդի որդու», կա՛մ «համատեղ հանցանքի» սինդրոմը, ինչի շնորհիվ Լիսկան բարձրացել է ու ոչ մի կերպ չի իջնում:
Սերժ Սարգսյանը կանգնած էր այդ դիլեմայի առաջ: Նա կամ պետք է բացահայտեր Լիսկային, կամ էլ Լիսկան մնալով չբացահայտված՝ կբացահայտվեր իշխող համակարգի հերթական «համատեղ հանցանքը»: Իսկ եթե, այդուհանդերձ, բանը «գնդի որդու» սինդրոմն է, ապա մի՞թե Սերժ Սարգսյանը Լիսկային սիրում է սեփական անձից ավելի, որ պատրաստ է հանուն նրա իր վրա վերցնել իմիտատորի պատվավոր պատմուճանն ու պերճագործ ձևով հերքել ինքզինքը՝ երկրում փոփոխություն իրականացնելու պատրաստակամության և հանձնառության տեսանկյունից:
Մարզպետի պաշտոնում վերանշանակվելուց հետո, իհարկե, Լիսկան կսկսի ավելի մեծ եռանդով ծառայել Սերժ Սարգսյանի իշխանությանը: Բայց խոշոր հաշվով, դա արդեն կլինի հենց ծառայող Լիսկայի, ոչ թե իբր ծառայեցնող Սերժ Սարգսյանի իշխանությունը: Լիսկան անձամբ խուսափեց Ավետիք Բուդաղյանի սպանության պատասխանատվությունից, ուրեմն հասարակության մոտ կասկած չի մնա, որ իրականում Սերժ Սարգսյանն է ծառայում Լիսկային: Առավել ևս, որ հասարակության մոտ ընդհանրապես այդ կապակցությամբ կասկածները, մեղմ ասած, երբեք էլ չեն ցրվել այն իմաստով, որ Հայաստանում իշխանության առաջին դեմքերն իրականում սպասարկում են ընդամենը մի քանի անձանց ստորին բնազդները: Այդ կասկածները հերքող համոզիչ և լիարժեք փաստեր այդ դեմքերը դեռևս չեն ներկայացրել: Ընդ որում, չեն ներկայացրել ոչ միայն Հայաստանի հանրությանը, այլ նաև միջազգային գործընկերներին: Իսկ Լիսկան նրանց «ցուցակում» գրանցված անուն է, այսինքն, այսպես ասած, կողմնորոշիչ անուն՝ Լիսկան «Վիկիլիքսի» հերոսներից է, որտեղ տեղ էր գտել տարիներ առաջ իր հերթական «քաջագործության» հիշատակումով:
Այսօր Լիսկայի հրեշավոր կերպարի կողքին հասարակությունը պարտավոր է հերթական անգամ տեսնել իշխանական համակարգի և մասնավորապես Հայաստանի հանրապետական կուսակցություն կոչվող կառույցի հրեշավոր կերպը, որը դարձել է տարաբնույթ հանցագործների հանգրվան, որտեղ նրանք իրենց կատարած հանցանքների դիմաց ստանում են արդարացումներ, կոչումներ, ապահովություն, անվտանգության երաշխիքներ: Եվ այս ամենը պետության ապագայի, պետական անվտանգության, ժողովրդագրական աղետի հաշվին:
Սա է իրական աղետը, իսկ լիսկաները այս աղետի հետևանքն են ընդամենը: Եթե պատճառը, այսինքն` ՀՀԿ-ն շարունակում է մնալ և լինել իշխող, հետևանքների վերացումը կկրի ժամանակավոր բնույթ:










































