Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջությունը դանդաղ է վերականգնվում, սակայն առաջընթացը ակնհայտ է: Նա արդեն շփվել է հարազատների հետ և ողջունել իր ժողովրդին՝ հայտարարել է Վենեսուելայի ինֆորմացիայի և կապի նախարար Էռնեստո Վիլեգասը:
Չավեսը վիրահատվել էր կուբայական հիվանդանոցում` օրգանիզմում հայտնաբերված նոր չարորակ գոյացությունների պատճառով: Սա արդեն չորրորդ վիրահատությունն է, որին ենթարկվել է Վենեսուելայի առաջնորդը 2011թ.-ից կեսերից:
«Վիրահատության պահից անցել է 72 ժամ, բժիշկները նշում են, որ հիվանդը բավականին լավ է տանում հետվիրահատական շրջանը»,- Վիլեգասի խոսքերը մեջբերում են տեղի լրատվամիջոցները:
Նախարարի խոսքերով՝ Չավեսի օրգանիզմը բավականին լավ է արձագանքում բուժմանը: Վիլեգասը շնորհակալություն է հայտնել կուբացի բժիշկներին, ինչպես նաև Կուբայի ղեկավարությանը՝ Չավեսին հատկացրած ուշադրության և օգնության համար:











































