Այսօր կառավարության մոտ էին հավաքվել Դավթաշեն երկրորդ թաղամասի նորակառույց շենքի բնակիչները, որոնք վաղուց արդեն պետք է իրենց նորակառույց բնակարանում ապրեին: Շենքի շինարարությունը սկսվել է 2006-ից, սակայն բնակիչները կանգնել են փաստի առաջ, քանի որ ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտ) «Արցախբանկի» հետ միասին խաբել է բնակիչներին:
Սակայն «Տոնուս» ընկերությունը ճանաչվել է սնանկ, և բնակարանները հայտնվել են «Արցախբանկի» տնօրինության տակ: «Արցախբանկի» բաժնետերերը թեև խոստացել են լուծել խնդիրը, սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվում:
Շուրջ 250 բնակիչ կորցրել է բնակարան ունենալու հույսը: Այսօր նրանք ուզում էին հանդիպել վարչապետին՝ խնդրին լուծում տալու համար:
Բյուրեղիկ Մնեյանը նշեց, որ խնդիրն առաջացել է 2006-ից: Տղայի ընտանիքը տարիներ շարունակ ապրում է վարձով: «Ուզում ենք մեր հայրենիքում մնալ, պետք է պայմաններ ստեղծվեն»,- նշեց տիկին Բյուեղիկը՝ հավելելով, որ բոլորին ասում են՝ արի տուն, բայց գոնե տնեցիներին պետք է լավ նայեն:
Բնակիչներից մեկն էլ նշեց, որ պետությունն ասում է՝ մասնավորի հետ սխալ բաներ եք արել, գնացեք՝ իրենցից ուզեք, բայց պետությունը պետք է ունենա խնդիրը կարգավորելու մեխանիզմներ:
«Այդքան վարկ է «Արցախբանկը» տվել երկրորդ, երրորդ անգամ, եթե «Տոնուսին» այդքան գումար են տվել, ինչո՞ւ չեն հետարքրքվել՝ ինչ է արել այնտեղ շինարարության մասով»,-ասացին նրանք՝ հավելելով, որ այդ նորակառույցում որևէ բնակիչ չի ապրում:
«Եկել ենք պետության ներկայացուցիչրներին ասելու, որ գործը իր վերահսկողության տակ վերցնի, կամ պետք է գնանք մեզ վերևից քցե՞նք, որ երկրում մի բան լինի»,- ասաց նորակառույցի իր բնակարանին սպասող կինը:
Ավելին՝ տեսանյութում:











































