ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն այս շաբաթ կմեկնարկի Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանական վարչության մասշտաբային ստուգումը: The Washington Post-ը հայտնում է, որ իրավապահներին կգնահատի արդարադատության նախարարության Քաղաքացիական իրավունքների պաշտպանության դեպարտամենտը, իսկ ստուգումը կանցկացվի այն նույն սցենարով, որը կիրառվել է ամբողջ երկրում ոստիկանության լիազորությունների գերազանցումը հետաքննելիս:
Հետաքննությունը պետք է պարզի՝ արդյոք Ֆերգյուսոնի ոստիկանության աշխատանքն ուղեկցվե՞լ է ավելորդ ուժի կիրառմամբ և մարդու իրավունքների պարբերական խախտումներով: Հետաքննության մեկնարկի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել հինգշաբթի օրը:
Հիշեցնենք՝ 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունը սպանվել է օգոստոսի 9-ին: Կրքերը բորբոքվեցին նաև այն պատճառով, որ Մայքլ Բրաունը 70 տոկոսով սերում էր աֆրոամերիկացիներից:
Բրաունի սպանությունից հետո բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ԱՄՆ 90 քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում:
Սակայն ստուգողներին հետաքրքրում է ոչ միայն Բրաունի դեպքը. ներկայումս 21 հազար բնակչություն ունեցող քաղաքի ոստիկանության նկատմամբ տարվում է 6 դատական գործ: Մասնավորապես՝ 12-ամյա տղային ձեռնաշղթա հագցնելու դեպքը, երբ նա իր տան մոտ փոստարկղն էր ստուգում, երեխաներին ատրճանակով ծեծելու, հոգեպես անառողջ մարդու նկատմամբ էլեկտրաշոկային զենք կիրառելու փաստերը:







































