Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը «պատրաստ է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը (Իսրայելի հետ)՝ պետության ստեղծման դիմաց»: Այս մասին հայտնում է ավստրալական Australian թերթը՝ հղում անելով «ՀԱՄԱՍ-ի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկին»՝ Ահմեդ Յուսեֆին:
«Եթե Պաղեստինյան պետություն լինի, մեզ էլ պետք չի լինի պատերազմ ու աղետ»,- ասել է նա թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Գազայի հատվածում ապրող 1.8 մլն և Հորդանան գետի Արևմտյան ափին ապրող 2.5 մլն պաղեստինցիների մեծ մասը կհամաձայնեն «մինչև 1967թ.» սահմաններով պետության ստեղծմանը (1967թ. մինչև 6-օրյա պատերազմը-ITAR-TASS-ի խմբ.):
«Յուսեֆի կողմից այդ սահմանները բազմիցս հիշատակելն Իսրայելի և գոյության նրա իրավունքի ակնհայտ ճանաչում է, ինչը նախկինում ՀԱՄԱՍ շարժումը չէր ցանկանում անել»,- նշում է թերթը:
Պատասխանելով հարցին՝ այդ դեպքում արդյոք ՀԱՄԱՍ-ը պատրա՞ստ կլինի միանշանակ դատապարտել բռնությունը, Ահմեդ Յուսեֆն ասել է. «Իհարկե: Մենք հաճույք չենք ստանում նրանից, որ կռվում ենք կամ սպանում: Մենք «Ալ-Քաիդան» չենք, ոչ էլ «Իսլամական պետությունը»: Ի տարբերություն նրանց՝ մենք պաշտպանում ենք մեր երկիրն ու մեր ժողովրդին»: Իսկ հարցին՝ այդ դեպքում նա ինչպե՞ս կարող է կողմ լինել Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծումներին, Յուսեֆը պատասխանել է. «Մենք օկուպացիայի մեջ ենք և մեզ պաշտպանելու օրինական իրավունք ունենք»:












































