Օբամայի կողմից Սիրիայի ընդդիմությանը «որպես ժողովրդի օրինական ներկայացուցիչ» ճանաչելը աշխարհում շղթայական ռեակցիա է առաջացրել: Այս մասին հայտնում է Kommersant-ը: ԱՄՆ-ի օրինակին են հետևել Մարոկկոյում անցկացված «Սիրիայի բարեկամների» կոնֆերանսի մասնակիցները: Կոնֆերանսին հավաքվել են ավելի քան 130 պատվիրակություններ:
Հակաասադյան կոալիցիան շարունակում է ընդլայնվել: Բացի այդ, Արևմուտքը հակամարտությանը միջամտության նոր փաստարկ է ստացել: Սպիտակ տանը հայտարարում են, որ սիրիական բանակն առաջին անգամ ընդդիմության դեմ Scud հրթիռներ է կիրառել:
Սիրիացի ընդդիմադիրների և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ճանաչման մասին Օբամայի հայտարարությունից հետո հաշված ժամերի ընթացքում ընդդիմությունը աշխարհի զգալի մասի աչքում լեգետիմ իշխանություն ստացավ:
Կոնֆերանսին մասնակցող Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը հայտարարել է ևս 7 պետությունների կողմից ընդդիմությունը ճանաչելու մասին: Այդ երկրներն են Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան: Իսկ երեկ սիրիացի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ է ապստամբներին ճանաչել նաև Ավստրալիան:
«Ճանաչումը հիանալի է, բայց մենք նաև իրական օգնության կարիք ունենք»,- Մարաքեշում հայտարարել է Ազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Վալիդ Ալ-Բունին: Սիրիական ընդդիմությանն աջակցելու վառ օրինակ է ցույց տվել Սաուդյան Արաբիան: Թագավորության արտգործնախարար Սաուդ Ակ-Ֆեյսալը հայտարարել է, որ Էր-Ռիյադը ընդդիմության համար 100 մլն դոլար է հատկացնում:
Այժմ Մոսկվայի վրա միջազգային ճնշումը մեծանում է: «Մենք Ռուսաստանից պահանջում ենք զերծ մնալ իշխող ռեժիմին աջակցելուց»,- Մարաքեշում հայտարարել է ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ Ալ-Խատիբը: Սպիտակ տունն էլ իր հերթին պատասխանել է ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովի կշտամբանքներին ՝ ասելով, որ ապստամբների ճանաչումը չի հակասում ժնևյան պայմանավորվածություններին:
Փոքրամասնությունում հայտնված Մոսկվան ստիպված է դիվանագիտական պաշտպանություն իրականացնել՝ նախկինի պես մերժելով հակամարտությանը արտաքին միջամտությունը:
«Ընդդիմությանը օրիանկան մարմին ճանաչելը խաչ է դնում հարցի քաղաքական կարգավորման փորձերի վրա» ,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:









































