«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Բազմաթիվ ժողովուրդներ ամոթից կմեռնեին, եթե իմանային, թե ինչ ցածր մարդիկ են իրենց ղեկավարում։
Շառլ Մորիս Թալեյրան
– Այսօր Հայաստանում տեղի ունեցողը նորմալ քաղաքական պրոցես ե՞ք համարում, թե՞, այնուամենայնիվ, դեֆորմացիաներ տեսնում եք։
– Նայած, թե ինչ տեսանկյունից դիտարկենք։ Եթե մեր իշխանությունը ձգտում է հարստության և նվաճումների բիզնես ոլորտում, ապա դա նրան հաջողվում է։ Բայց եթե խոսենք իսկական՝ ի նպաստ ժողովրդի վարվող քաղաքականության մասին, ապա որևէ նպաստավոր բան չեմ տեսնում։ 90 հազար հոգի լքում է Հայաստանը ու դրսում ասում, որ սա ապրելու տեղ չէ։ Մեղավորներին պետք է ներել, իսկ վիճակի դեմ՝ պայքարել։
– Ովքե՞ր են մեղավորները։
– Իշանությունը, այն մարդիկ, ովքեր առաջին հերթին ձգտում են հարստանալ։
– Իսկ մեղավորության իրենց բաժինը չունե՞ն նրանք, ովքեր իշխանության մեջ չեն, սակայն կարող էին շտկել իրավիճակը, բայց քայլ չարեցին։
– Ունեն, անշուշտ։ Ժողովուրդն էլ է մեղավոր։ Մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է Վրաստանում, Եգիպտոսում, և տեսնում ենք, թե ինչպես է մեր ժողովուրդը 10 հազար դրամով իր ձայնը տալիս։ Սա ամոթալի է, բայց պետք է ներել ժողովրդին։ Խորհրդային միությունը ժողովրդից վերցրեց հավատը, այս իշխանությունը վերցնում է արժանապատվությունը։ Երևանցիները լքեցին, բոշաները մնացին։ Մենք ուզում ենք, որ բոշաները պայքարե՞ն։
– Պարոն Կարապետյան, վերջին տարիների բոլոր ընտրություններն ուղեկցվում էին այսպես կոչված՝ բարեգործություններով, որոնք իրականում ձայներ գնելու ֆունկցիա էին կատարում, ինչի արդյունքում տեղի էր ունենում լյումպենացում։ Համաձա՞յն եք, որ քաղաքականացված բարեգործությունն ի վերջո բերում է այլասերման։
– Եթե բարեգործությունը մշտական է, ողջունելի է, բայց եթե կապված է ընտրության հետ, ապա կաշառք է։
– Ժամանակին դուք կազմակերպում էիք տարբեր բարեգործական ակցիաներ։ Հիմա շարունակո՞ւմ եք այդ գործունեությունը։
– Ոչ, հիմա իմ մասին եմ մի քիչ մտածում։ Այն գումարը, որով ժամանակին ժողովրդի համար բարեգործություն էի անում, հիմա ծախսում եմ ինձ վրա ու մեծ հաճույք եմ ստանում։
– Դուք ժամանակին լրատվամիջոց էիք ղեկավարում ու հաղորդումներ վարում։ Ներկայումս չկա ձեր հեռուստաընկերությունը, դուք էլ եթերում չկաք որպես հաղորդավար, մեղնաբան։ Ձեր գնալուց հետո ինչ-որ բան փոխվե՞ց հայաստանյան հեռուստաեթերում։
– Ճիշտն ասած՝ ես ինչ անում էի, կրկնում են։ Նոր բան չկա։ Շատ հեռուստաընկերություններ չեն պատկերացնում, որ պետք է ներդրում անել և զարգացնել։ Փաստորեն, դա նրանց համար բիզնես է։ Ինձ համար բիզնես չէր, այլ մի երևույթ, որը պետք է ծառայեր ժողովրդին։
– Լրատվամիջոցներն ունեն նաև կողմնորոշող ֆունկցիա։ Մեր լրատվական դաշտը կատարո՞ւմ է այդ ֆունկցիան։
– Չի կարելի ասել, թե ընդհանրապես չի կատարում՝ ոմանք կատարում են, ոմանք՝ ոչ։ Ավելի շատ չեն կատարում։
– Առջևում նախագահական ընտրություններն են։ Հնարավո՞ր է՝ առաջադրեք ձեր թեկնածությունը։
– Ոչ։
– Իսկ այլ թեկնածուների հետ համագործակցելու պլաններ ունե՞ք։
– Ոչ։ Ես ուղղակի այլ թեկնածուներին խորհուրդ կտամ՝ ընդհանրապես չմասնակցել, որ նախագահը մնա մենակ։
– Բոյկոտե՞լ։
– Բոյկոտել, որ իրենք չհամարեն, թե հաղթեցին։
– Ի՞նչ կունենանք բոյկոտի արդյունքում, Հայաստանը դրանից կշահի՞։
– Ոչ մի դեպքում չի շահի, բայց ժողովուրդը գոնե հետևություն կանի։
– Համամի՞տ եք, որ այս նախագահական ընտրարշավը նախորդներից տարբերվում է աննախադեպ պասիվությամբ։
– Դա պիտի ակնկալեինք, որովհետև նույնն է՝ յուրաքանչյուր ընտրության Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը 70-75 տոկոս է շահում։ Իրենք ասում են՝ ժողովուրդը մեզ սիրում է և վստահում։ Ի՞նչ սիրելու բան կա։ Էդ ի՞նչ եք անում, որ սիրեն։ Ժողովրդի մի մասն էլ փող է վերցնում՝ մտածելով՝ մեկ է, ընտրվելու են, շնից մազ պոկենք։ Բայց այդ մազը դավաճանություն է։
– Իսկ ընդդիմությունը չէ՞ր կարող ակտիվություն մտցնել։
– Մենք ընդդիմություն չունենք։
– Բայց կուսակցություններ կան, որ ասում են՝ մենք ընդդիմություն ենք, կուսակցություններ կան, ասում են՝ մենք այլընտրանք եք։
– Այլընտրանք՝ այո, դրան ի վիճակի են։ Բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները եղել են իշխանության մեջ։
– Իսկ «Բարգավաճ Հայաստա՞նը»։
– «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմությո՞ւն է կամ իշխանության մեջ չի՞ եղել։ Ես դեմ չեմ, որ իրենք իրեց այլընտրանք են համարում։ Մենք չունենք օպոզիցիա։ Բոլորս գիտենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմուտքի ներկայացուցիչ է, ԲՀԿ-ն էլ սերտ հարաբերության մեջ է «Եդինայա Ռոսիայի» հետ՝ մենք սա ունենք։
– Ուրեմն՝ մենք ունենք ապատիա, չունենք ընդդիմություն, ունենք անբավարար իշխանություն։ Իսկ ո՞րն է ելքը։
– Ապատիան շատ մեղմ ասացիք։ Մենք գնում ենք դեպի կործանում։ Եթե հասել ենք այն օրվան, որ ուժով պիտի ժողովրդին պահենք երկրում… Դրա համար էլ թուրքը պատերազմ չի սկսում՝ մտածելով՝ իրենք գնում են, էլի։ Ելքն այն է, որ օրերից մի օր ժողովուրդն ասի՝ հերք եղավ, բոլ եղավ, ու ոտքի կանգնի։ Բայց ոչ թե որևէ կուսակցության թելադրանքով, որ իշխանությունը չկարողանա համագործակցել։ Դա պետք է քաոսային լինի։ Համակարգչով պայմանավորվում են, հավաքվում են հրապարակում։ Ումի՞ց ենք պակաս։ Ես ոչ թե կոչ եմ անում, այլ ճանապարհն եմ ցույց տալիս։
– Այս տարիների ընթացքում մենք մոտեցե՞լ ենք ձեր երազած Հայաստանին։
– Մենք դարձել ենք անտարբեր, ավելին ասեմ՝ ցինիկ, ընդհանրապես չենք մտածում հայրենիքի մասին։








































