Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ամենամյա աղյուսակը: Վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է 31-ամյա փոփ աստղ Բրիթնի Սփիրսը, որը 2011 թ. մայիսից մինչև 2012 թ. մայիս վաստակել է 58 միլիոն դոլար:
Եկամուտների հիմնական մասը երգչուհին ստացել է իր վերջին Femme Fatale ալբոմի վաճառքից, նույնանուն համաշխարհային շրջագայությունից, գովազդում մասնակցությունից և սեփական օծանելիքի արտադրությունից: Բացի այդ, Սփիրսը դարձել է The X Factor նախագծի ժյուրիի անդամ, որի համար տարեկան ստանալու է 15 միլիոն դոլար:
Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է 22-ամյա երգչուհի Թեյլոր Սֆիվթը՝ մեկ տարվա ընթացքում վաստակելով 57 միլիոն դոլար:
Եռյակը եզրափակում է 24-ամյա փոփ երգչուհի Ռիհանան, որը վաստակել է 53 միլիոն դոլար:
26-ամյա երգչուհի Լեդի Գագան վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ վաստակելով «ընդամենը» 52 միլիոն դոլար: Նրան հաջորդում է 28-ամյա Քեթի Փերին. նա միակ երգչուհին է, որը կրկնել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը միևնույն ալբոմից հիթային սինգլների քանակությամբ, մեկ տարվա ընթացքում վաստակել է 45 միլիոն դոլար:
Ամսագիրը նշում է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նախկին պես ավելի քիչ են վաստակում, քան արական սեռի երաժիշտները: Աշխարհի ամենաշատ վարձատրվող 25 երաժիշտների վարկանիշային աղյուսակում եղել է միայն ութ երգչուհի: Պարբերականն այս փաստը մեկնաբանում է նրանով, որ երգչուհիները ստիպված են լինում ընդհատել իրենց կարիերան հղիության պատճառով:
Forbes-ի վարկանիշը կազմվում է պարբերականի սեփական տվյալների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ հարցազրույցների հիման վրա:










































