Super Tooth HD սարքը SuperTooth Handsfree Assistant հավելվածով հնարավորություն է տալու վարորդներին հաղորդագորություն ստանալու և ուղարկելու Facebook-ում և Twitter-ում, ինչպես նաև շփվելու էլեկտրոնային փոստի և կարճ հաղորդագրությունների միջոցով` առանց ղեկը բաց թողնելու: Այս մասին գրում է Gizmag տեխնոբլոգը:
Super Tooth HD սարքը ամրացվում է մեքենայի մեջ գտնվող արևապաշտպան վահանակին: Այն ունի երկու միկրոֆոն ձայնային հրամանների համար, 5,4-վատտանոց ուժեղացուցիչ և երկու բարձրախոս: Սարքը հեռախոսին է միանում Bluetooth-ի օգնությամբ: Այն համատեղելի է ժամանակակից բոլոր սմարթֆոնների, ինչպես նաև այն հեռախոսների հետ, որոնք ունեն Bluetooth համակարգ:
Միևնույն ժամանակ SuperTooth Handsfree Assistant հավելվածը Facebook և Twitter սոցիալական կայքերի հետ այս պահին կարող է աշխատել միայն Android և BlackBerry օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների հետ:
Սարքն արտադրող ֆրանսիական SuperTooth ընկերությունը կսկսի վաճառել SuperTooth HD-ն 2011թ.-ի ապրիլից: ԱՄՆ-ում այն կվաճառվի 129 դոլարով:
Շատ երկրներում ներկա պահին վարորդներին արգելվում է մեքենան վարելիս հեռախոսով հաղորդագրություն ուղարկել: Նման սարքերի առկայությունը հնարավորություն կտա օգտվելու այդ ծառայություններից` չշեղվելով մեքենան վարելուց: