Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այդ կապակցությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Նախիջևանում երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Ըստ Trend գործակալության՝ այս մասին հանդիպման ավարտին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը:
Նախարարի խոսքով՝ զորավարժությունների նպատակն է զինված ուժերի մարտունակության բարձրացումը:
Հանդիպման ընթացքում նախարարները նաև պայմանավորվել են այդ ձևաչափով տարեկան երկու անգամ հանդիպումներ, համատեղ սեմինարներ և համաժողովներ անցկացնել, ռազմական կրթության ոլորտում և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության եռաչափ ձևաչափ ստեղծել՝ ասել է Հասանովը:
Ինչպես նշել է նախարարը՝ ծրագրվում է փորձագիտական հանդիպումների կազմակերպում համագործակցության հեռանկարային ոլորտների ուսումնասիրման նպատակով:
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները նաև քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, կարծիքներ փոխանակել անվտանգության հարցերի և տարածաշրջանում կայունության վերականգնման շուրջ:
Կողմերը նաև նշել են այդպիսի ձևաչափում համագործակցության զարգացման արդյունավետությունը:











































