Հնդկաստանի երկրորդ խոշոր ավիաընկերության՝ Jet Airways-ի օդանավը կարող էր անցած ուրբաթ ընկնել Թուրքիայի մայրաքաղաքի վրա: Ողբերգությունը կանխվել է շնորհիվ թուրք ավիակարգավարի զգոնության: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ օդանավը, որում 300 ուղևոր է եղել, թռել է Անկարայի վերևով, երբ տեխնիկական պատճառներով կտրուկ կորցրել է բարձրությունը: Այդ ժամանակ Մումբայ-Բրյուսել ավիաչվերթի գլխավոր օդաչուն, վստահելով տեխնիկային, քնած է եղել, իսկ երկրորդ օդաչուն խաղացել է պլանշետով: Որոշ ժամանակ օդանավը թռչել է 1.5 կմ բարձրության վրա՝ այլ օդանավի ուղիով:
Մի քանի րոպե անց կարող էր բախում տեղի ունենալ: Ողբերգությունը կանխվել է շնորհիվ Անկարայի օդանավակայանի դիսպետչերական ծառայության, որը պահանջել է օդանավը բարձրացնել 10 կմ բարձրության:
Հնդկաստանի քաղավիացիայի վարչությունն արդեն հեռացրել է իր երկու օդաչուներին և հետաքննություն սկսել:










































