ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը տվյալներ է հրապարակել Հայաստանում նավթի ու գազի պաշարների մասին: Դրանք, ըստ ամերիկյան երկրաբանական ծառայության, գոյություն ունեն, սակայն ոչ այնքան, որ հնարավոր լինի խոսել արդյունահանման հստակ հեռանկարների մասին: Ընդ որում` ամերիկյան տվյալները հիմնված են դեռևս խորհրդային տարիների ուսումնասիրությունների վրա, բայց իհարկե` նկատի առնելով արդյունահանման տեխնոլոգիական ներկայիս մակարդակը, որը, այսպես ասած, առավել մեծացնում է առկա պաշարների արդյունահանման հնարավորությունները:
Մենք չէինք ցանկանա մեջբերել հրապարակված թվերը, քանի որ դրանք, ըստ էության, կարող են խաբուսիկ լինել` հատկապես, որ խոսքն առանձնապես տպավորիչ պաշարների մասին չէ՝ 1 միլիոն բարել նավթ և 169 միլիոն խմ գազ: Սակայն խնդիրը բոլորովին պաշարները չեն, այլ իլյուզիաները:
Շատերը, համոզված ենք, լսելով հրապարակված տեղեկությունները` կափսոսան, որ մենք նավթ ու գազ չունենք, ինչպես, ասենք, ադրբեջանցիներն ունեն: Թե չէ` մենք բոլորին ցույց կտայինք: Եվ այդ ափսոսանքը պետք է խոստովանենք, որ մեզ ուղեկցել է անկախության ողջ տարիների ընթացքում` հատկապես Ադրբեջանի հետ հակամարտության առկայության պայմաններում:
Եվ իսկապես, պետք ընդունել, որ նավթն ու գազը այսօր բոլորովին այլ ուժի և դերի տեր Հայաստան կապահովեին: Սակայն բոլորովին ոչ այլ որակի: Իսկ մեզ այլ որակի Հայաստան է պետք: Մեզ պետք չէ խանական Ադրբեջան, կամ մեզ պետք չէ նավթային և գազային ասեղի վրա նստած մի պետություն, որը սակայն զուրկ է մոդեռնիզացիայից, որը չունի տնտեսական և քաղաքական, հասարակական որակներ, որը աշխարհի հետ չի կարող խոսել ժամանակակից լեզվով, չի կարող մասնակից լինել աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական չհայտարարված, բայց հեղափոխությանը:
Մենք ունենք Ադրբեջանի պատկերը, որը և նավթ ունի, և գազ, սակայն, բարեբախտաբար, որակ չունի: Կարծում եք` Հայաստանում ա՞յլ բան էր լինելու: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե նավթի ու գազի բացակայության համար ինչպես են ափսոսում Հայաստանում ամեն ինչ խժռած օլիգարխները: Հիմա նրանցից ամեն մեկը նավթային մագնատ կլիներ, իսկական շեյխ՝ հայ շեյխեր: Պատկերացնո՞ւմ եք, թե նրանք ինչպիսի ցոփ ու շվայտ կյանքով կապրեին գազի ու նավթի դեպքում, եթե դրանց բացակայության և տրանսպորտային շրջափակման պայմաններում այսպես են ապրում:
Հայաստանում թալանի և սոցիալական բևեռացվածության մասշտաբներն, իհարկե, բոլորովին այլ կլինեին, և Հայաստանում էլ իշխող վարչախումբը Ալիևի նման բացարձակապես կարիք չէր ունենա դեմոկրատիա խաղալու և գոնե առերևույթ բարեփոխումների գնալու արևմտյան կառույցների դրական տրամադրվածությունն ունենալու համար: Նավթի ու գազի շնորհիվ Հայաստանի իշխանություններն էլ կկառուցեին այն խանական պետությունը, որի մասին երազել են, և որտեղ բոլոր պաշտոնները առանց ավելորդ ձևականությունների և ավելորդ հնարամտությունների կվերածեին ժառանգական-մոնարխական տրամադրությամբ գործող համակարգի և կփոխանցեին սերնդեսերունդ:
Այնպես որ` չկա չարիք առանց բարիքի, ինչպես ասում է պարզ, բայց իմաստուն ասույթը: Հայաստանում նավթի ու գազի բացակայությունը միշտ առկա է պահում Հայաստանում արմատական փոփոխությունների հավանականությունը, որ մի օր Հայաստանում իսկապես բեկում կունենա, և Հայաստանը կկանգնի իրական բարեփոխումների, խորքային բարեփոխումների ճանապարհին, քանի որ Հայաստանի իշխանությունները զրկված են խանական վարքի հուսալի հենարաններից:








































