Մինչդեռ Սիրիան կրակի, Գազան՝ պայթյունների մեջ է, իսկ «Ալ-Քաիդան» ևս մեկ իրաքյան քաղաք է զավթել, այլ լայնամասշըաբ հակամարտություն սպառնում է Մերձավոր Արևելքին առավել ապակայունացմամբ. այդ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է: «Մի քանի ամսվա ընթացքում Իլհամ Ալիևը, որը ողջ մնացած վատագույն բռնապետերից մեկն է, անխտիր հրետակոծել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասվում է գրող, թարգմանիչ Քրիստոֆեր Աթամյանի հոդվածում, որը տպագրվել է The Huffington Post-ում:
Ալիևը շարունակում է նկարագրել հայերին որպես ագրեսորների, իսկ ադրբեջանցիներին՝ որպես Արցախի պատմական բնակիչների: Անցած շաբաթվա ընթացքում Ալիևն ակտիվացրել է հարձակումները հայկական սահմանային քաղաքների վրա: 3 օր առաջ ադրբեջանական կողմից արձակված կրակոցները 5 հայի կյանք խլեցին, պատասխան կրակը 25 ադրբեջանցու մահվան պատճառ դարձավ: Ալիևը, որը կեղծորեն պնդում է, թե հաղթել է Հայաստանին քաղաքականապես և տնտեսապես, և որ կարող է հաղթել նաև ռազմական դաշտում, շարունակում է մահացող զինվորների թվաքանակի աճ տեսնել, որը գերազանցում է հայկական կողմի տված զոհերին: Նրա ժողովուրդը հողերի հետգրավան անհաջող փորձերում կարծես կործանվող ճանճ լինի:
Ռուսաստանը, որը զինում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, թշնամանքի վերջին դրսևորումների սրտում է: Պուտինը կարող է փորձել մեկ զարկով երկու թռչնի սպանել՝ սպառնալով Արևմուտքին նոր տարածաշրջանային հակամարտության հնարավորությամբ, միևնույն ժամանակ փորձելով համոզել հայերին, որ նրանք ունեն Ռուսաստանի պաշտպանության կարիքը: Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի անկեղծ ընկերը և, իհարկե, ո՛չ Ադրբեջանի:
Հայաստանը Խորհրդային միության՝ տեխնոլոգիապես առավել զարգացած հանրապետությունն է, և նրա բանակը համարվում է տարածաշրջանում ուժեղագույններից մեկը, այնպես որ փոքր է Ադրբեջանի կողմից ռազմական ներխուժման հնարավորությունը: Հայաստանը կարող է նույնիսկ ավելի շատ տարածք պահանջել, եթե կրկին հարկադրված ներքաշվի լայնամասշտաբ հակամարտության մեջ: Կասկածելի է, որ ինչ-որ մեկը, այնպիսի ագահ ու ինքնասիրահարված, ինչպիսին Ալիևն է, ռիսկի ենթարկի ապագա միլիոնները՝ ազատագրելու լեռնային տարածքը, որը բնակեցված է օտար մարդկանցով և զուրկ է բնական ռեսուրսներից»,- նշում է հոդվածագիրը՝ մատնանշելով նավթից ստացվող շահույթները:
«Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ Ալիևը ոչ միայն դաժան բռնապետ է, այլև որ նրա ներկայիս քաղաքականությունը, ի վերջո, կհանգեցնի այդ ռեժիմի և երկրի անկման»,- հայտնում է հոդվածագիրն ու նշում, որ ի տարբերություն իսրայելցիների ու պաղեստինցիների՝ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն «մեկ կոկիկ» սահման:
Ադրբեջանը պետք է դադարեցնի իր թշնամությունը Հայաստանի նկատմամբ և դադարեցնի միակողմանի շրջափակումը: Հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունները պետք է սկսեն էական կրթական և մշակութային փոխանակություններ իրականացնել: Ալիևն ու նրա կողմնակիցները պետք է դադարեցնեն քարոզարշավն ընդդեմ Հայաստանի տանը և արտերկրում:
«Այլ կերպ ասած՝ պետք է տեղի ունենա խաղաղության իրական գործընթաց: ԱՄՆ-ը և Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արագացնեն ջանքերն այդ ուղղությամբ, քանի դեռ շատ ուշ չէ: Եկեք վե՛րջ տանք պատմական և տարածքային բնույթի մեղադրանքներին: Դրանք այս դեպքում ոչ մի նշանակություն չունեն: Ե՛վ ադրբեջանցիները, և՛ հայերը բավականին տարածք ունեն գոյատևելու և բարգավաճելու համար: Առանց միմյանց ոչ մի երկիր չի հասի իր իրական ներուժին՝ տնտեսական կամ այլ ոլորտում»,- գրում է հոդվածագրը՝ հավելելով, որ Ալիևի տապալման կամ ադրբեջանցիների աչքերը բացվելու դեպքում, Ադրբեջանն ու Հայաստանը՝ հարևան Վրաստանի հետ, կարող են տնտեսական միջանցք ձևավորել:
«Ժամանակն է, որ հայերը, ադրբեջանցիները, վրացիներն ու թուրքերը միասին բարգավաճում բերեն Կովկասին»,- նշում է հոդվածագիրը:
«Նախագահներ Սարգսյանի և Ալիևի կողմից իրական արիության ցուցաբերումը նրանց կնստեցնի բանակցային սեղանի շուրջ՝ հակամարտությունը մեկընդմիշտ կարգավորելու անկեղծ ցանկությամբ»,- եզրափակում է հոդվածագիրը:











































