ՈւԵՖԱ-ի մրցավարության գծով գլխավոր տեսուչ Պիերլուիջի Կոլինան մեկնաբանել է պատ կանգնած ֆուտբոլիստների ու հարված իրացնող խաղացողի միջև սահմանված 9 մետր տարածությունը պահպանելու նպատակով օգտագործվող չքացող փրփուրը Չեմպիոնների Լիգայում ու Եվրոպայի Լիգայում կիրառելու որոշումը:
«Դեռ այս տարվա ձմռանը` փետրվարին Լիսաբոնում կայացած ժողովում, որոշեցինք փորձարկել չքացող փրփուրը: Այն կիրառվեց Եվրոպայի Մ-17 առաջնությունում: Այն արդյունավետ էր, և դրական գնահատականի արժանացավ բազմաթիվ մրցավարների կողմից:

Հիմա մենք դա կարող ենք կիրառել Չեմպիոնների Լիգայում և Եվրոպայի Լիգայում:
Ֆուտբոլիստները վերջապես վերջ կտան պինգվինի քայլվածքին, որն անում էին գնդակի միջև տարածությունը կրճատելու համար: Մրցավարը հիմա վերահսկում է իրավիճակը»,- Կոլինայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:









































