Հայկական սպորտի ամենատիտղոսակիր մարզիկիներից մեկի՝ օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ, 40-ամյա Արմեն Նազարյանի ավագ որդին՝ 13-ամյա Էդմոնդը, ընտրել է իր հոր պանծալի ուղին:
Ըմբշամարտում առաջին քայլերը կատարող խոստումնալի պատանին վստահ քայլերով շարժվում է դեպի մարզական սխրանքների բարձունքներ: Օրերս Էդմոնդ Նազարյանը իր տարիքային խմբում հռչակվել է Բուլղարայի չեմպիոն ու դա անկասկած միայն սկիզբն է՝ չէ՞ որ նրա գլխավոր խորհրդատուն նորանկախ Հայաստանի առայժմ միակ օլիմպիական չեմպիոնն է:
Հավելենք նաև, որ Արմեն Նազարյանը 2012 թ նոյեմբերի 23-ից հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, ու անցած մրցաշրջանում բոլոր մարզաձևերի մասնագետներին ներառած ճանաչվել է Բուլղարայի լավագույն մարզիչ և արժանացել հատուկ մրցանակի: Իսկ նրա սան Իվո Անգելովն անցյալ տարի ոչ միայն 60 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն է դարձել, այլ նաև ճանաչվել է 2013 թ Բուլղարիայի լավագույն մարզիկ:
Նշենք, որ Արմեն Նազարյանը 3 երեխա ունի՝ Էդմոնդը, Գրիշան ու Ինեսսան:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն









































