Walmart հիպերմարկետների ցանցի տերերը հայտարարել են, որ Բանգլադեշի ֆաբրիկան, որտեղ հրդեհի հետևանքով զոհվել էր 112 մարդ, իրենց համար հագուստ է արտադրել, սակայն դրա իրավասություն չի ունեցել. մատակարարը ձեռնարկության հետ համաձայնագիր է կնքել առանց Walmart-ի թույլտվության, հաղորդում է Reuters-ը:
Այրված ֆաբրիկայի տերը՝ Դելվար Հոսեյնը, հարցաքննության ժամանակ պնդել է, թե չգիտեր՝ ում համար են իր աշխատակցիները ապրանքներ արտադրել:
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում կարի ֆաբրիկան այրվել էր նոյեմբերի վերջին: Հրդեհի հետևանքով զոհվել էր 112 մարդ: Բանգլադեշի ոստիկանությունը կալանավորել է 3 մարդ, որոնք մեղադրվում են այն բանում, որ աշխատակիցներին թույլ չեն տվել լքել շինությունը:
Հրշեջ ծառայությունում կարծում են, որ զոհերի թիվն անհամեմատ քիչ կլիներ, եթե ֆաբրիկան ունենար վթարային ելք: Հոսեյնն արդեն ընդունել է իր մեղքը, սակայն հայտարարել է, որ տեղյակ չի եղել ֆաբրիկայում վթարային ելքի անհրաժեշտության մասին: