Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել աննախադեպ դեպք: Պետական հեռուստատեսության կենտրոնական ալիքներից մեկի նորությունների հաղորդավարուհին եթեր է դուրս եկել առանց հիջաբի: Դա սկանդալի տեղիք է տվել պահպանողական իսլամական պետությունում: Այս մասին հայտնում է Independent-ը:
Al Ekhbariya հեռուստաալիքի աշխատակցուհին, ով նախկինում մշտապես աշխատել է հիջաբով, այդ անգամ եթեր է դուրս եկել գլխաբաց: Այդ տեսքով նա նորությունների տեսություն է կարդացել Լոնդոնի ստուդիայից: Սաուդյան Արաբիայում գործում է կանանց համար խիստ դրես-կոդ:
Հեռուստատեսության աշխատակցուհիները երբեմն եթերում հայտնվում են առանց գլխաշորի, սակայն նորությունների հաղորդավարները դեռևս երբեք թույլ չէին տվել իրենց աշխատել առանց հիջաբի:
Սաուդյան ռադիոյի և հեռուստատեսության ներկայացուցիչը հայտնել է, որ կձեռնարկի բոլոր միջոցառումները՝ հետագայում նմանատիպ բաների կրկնություն թույլ չտալու համար: Լրատվական թողարկումից հետո հեռուստադիտողներից բազմաթիվ բողոքներ են ստացվել:







































