Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Աշխաբադում երեկ տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովից հետո հարցազրույց է տվել Interfax գործակալությանը, որում խոսել է ԱՊՀ-ում և Եվրամիության մեջ Հայաստանի ինտեգրման գործընթացների շուրջ:
Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը տրամադրված է շարունակել ակտիվ ջանքերը՝ ուղղված Համագործակցության համաշխարհային ամրապնդմանը: «Մենք տրամադրված ենք անդամ պետությունների հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը»,- ասել է նա:
Խոսելով հետխորհրդային և եվրոպական տարածություններում ինտեգրացիոն գործընթացների համատեղելիության մասին և պատասխանելով լրագրողի այն նկատառմանը, որ դրանք անհամատեղելի են թվում՝ նախարարն ասել է. «Հակադրման տրամաբանությունը, «կամ-կամ» արհեստական երկընտրանք առաջադրելը անցյալի բեռ է: Մենք հանդես ենք գալիս ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցման, և ոչ թե հակադրման օգտին»:
Լրագրողի այն նկատառմանը, թե Հայաստանը նախընտրություն է տալիս եվրատլանտյան կողմնորոշմանը, Նալբանդյանը պատասխանել է, որ Հայաստանը երբեք նման բան չի հայտարարել և չի հայտարարում:
«Երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ, ավելորդ բառեր այստեղ պետք չեն, դրանով ամեն ինչ ասված է: Մենք կապված ենք բազմաթիվ խորքային թելերով, ինչը կազմում է այն ամուր հիմքը, որի վրա մենք կանգնած ենք, նորանոր քարեր ենք ավելացնում ժամանակով ստուգված մեր դաշնակցային հարաբերությունների ամուր շենքին»,- ասել է արտգործնախարարը:
Նալբանդյանը նշել է, որ ԱՊՀ-ում «Հայաստանը հանդիսանում է ոչ միայն հիմնադիր, այլև Համագործակցության ամենաակտիվ անդամներից մեկը: Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանն առաջիններից մեկն է վավերացրել ԱՊՀ շրջանակներում ընդունված Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը:
Մյուս կողմից, նախարարը նշել է, որ Հայաստանը միանգամայն բարեհաջող կերպով հարաբերությունները զարգացնում է նաև Եվրամիության հետ:
«Հայաստանը վարում է բաց և կանխատեսելի քաղաքականություն: Մենք նպատակ ունենք հետագայում ամրապնդել մեր դաշնակցային կապերը, ինչպես նաև գործընկերություն զարգացնել բոլոր այն երկրների հետ, որոնք պատրաստ են համագործակցություն զարգացնել փոխադարձ շահի հիման վրա՝ հօգուտ միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում երկրի առավելագույն ներգրավվածության: Տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև ոչ թե հակադրությունները, այլ երկխոսությունը և համագործակցությունն են, որ ի վիճակի են կարևոր ներդրում ունենալ առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածության ձևավորման գործում՝ ի շահ բոլոր պետությունների և նրանց ներդաշնակ զարգացման»,- եզրափակել է Նալբանդյանը:







































