1850 թվականի օգոստոսի 5-ին Միրոմենիլ ամրոցում (Նորմանդիա) ծնվել է 19-րդ դարի ֆրանսիացի մեծագույն ռեալիստ Գի դը Մոպասանը (Անրի Ռենե Ալբեր Գի դը Մոպասան): Նա պալատական ծագում ուներ: 1869-ին ավարտել է լիցեյը, իսկ մեկ տարի անց անց զորակոչվել զինվորական ծառայության՝ կապված ֆրանկո-պրուսական պատերազմի հետ:
Պատերազմից հետո, որն ուղեկցվել է տնտեսական ճգնաժամով, նրա ընտանիքի ֆինանսական վիճակը կտրուկ վատթարանում է, և նա ստիպված է լինում պաշտոնավարել ծովային նախարարությունում՝ մոտ 10 տարի: Աշխատանքը բացարձակ հոգեհարազատ չէր նրան, և 1870-ականներին Մոպասանը լրջորեն սկսում է զբաղվել գրականությամբ:
Իր առաջին՝ «Ձեռքը» նովելը Մոպասանը հրապարակել է 1875-ին՝ Ժոզեֆ Պրյունյե կեղծանվամբ, իսկ մեկ տարի անց հայտնվել է «Ափին» պոեմը և Գի դը Վալմոն անվամբ ստորագրած առաջին հոդվածը:
Գրական գործունեության 11 տարվա ընթացքում Մոպասանը գրել է 6 վեպ, մոտ 300 նովել, փոքրիկ պատմվածքներ, ճանապարհորդական ակնարկներ, պիեսներ և նույնիսկ դրամա:
Մոպասանը մահացել է 1893-ի հուլիսի 6-ին, ըստ բժիշկների՝ ուղեղի կաթվածից:







































