Նյու Յորքի ոստիկանությունը Հունաստանի իշխանություններին է վերադարձրել 5 արծաթե դրամների հավաքածուն, որոնք հատվել են մ.թ.ա. 515-480 թվականներին՝ Բալկանների արևելքում գտնվող պատմական Թրակիայի մարզում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանությանը:
Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսի խոսքերով՝ դրամներն առգրավվել են Ռոդ Այլենդ նահանգում բնակվող կոլեկցիոներ Առնոլդ Փիթեր Վայսից, ով գնել էր գողոնը: 2012-ին Նյու Յորքում ծպտված իրավապահները Վայսին առաջարկել էին գնել դրամներ, որոնք, նրանց խոսքերով, հատվել էին Իտալիայի Ագրիջենտո քաղաքում: Իրականում դրանք բարձր որակով կեղծված դրամներ էին:
Վայսը համաձայնել է, որից հետո ձերբակալվել: Նա խոստովանել է իր հանցանքը և ոստիկանությանը հանձնել իր հավաքածուի 23 արծաթե դրամները: Դրանցից 5-ը փոխանցվել են ԱՄՆ-ում Հունաստանի դեսպան Քրիստոս Պանագոպուլոսին:








































