Սպիտակի երկրաշարժից քսանչորս տարի է անցել: Այսօր յուրաքանչյուր տարի մեզ մոտեցնում է հերթական ուժեղ երկրաշարժին, որից խուսափել հնարավոր չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:
Բանախոսի խոսքով՝ պարտավոր ենք անել այնպես, որ դա աղետալի չդառնա կորուստների տեսանկյունից: Նա նշեց, որ եթե հնարավոր լինի կանխատեսել երկրաշարժը, կլինեն քիչ զոհեր, հնարավոր կլինի նախապես անջատել հատուկ կարևոր օբյեկտների աշխատանքը՝ ատոմակայան, գազատարներ ջրատարներ և այլն: «Սակայն կարճաժամկետ կանխատեսման հարցը դեռ լուծված չէ»,- նկատեց բանախոսը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ ակտիվ գոտիներն են՝ Փամբակը, Սևանը, Վադենիսը և Վեդի-Երևանը, այս գոտիներում պատմականորեն գրանցվել են ուժեղ երկրաշարժեր: «Նոր քաղաքներ հիմնելիս գազատարներ, ջրատարներ կառուցելիս հաշվի պետք է առնվի մեր տարածքի համասեռությունը՝ սեյսմիկ վտանգի առումով»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը:
Անդրադառնալով շենքերի սեյսմակայունությանը՝ ասաց, որ 2006թ․ գործում են ՀՀ նոր նորմերը, որոնցում բավական խստացրել են պահանջները կառուցվող շենքերի հանդեպ, իսկ ԽՍՀՄ տարիներից մնացած շենքերը յոթ, ութ, ինը բալի համար են կառուցվել: «Նոր շիննորմերով Երևան քաղաքի սեյսմիկ վտանգը ամբողջությամբ համարվում է ինը և ավելի բալ, հետևաբար բոլոր շենքերը կառուցելիս, պետք է հաշվի առնվեն հենց այդ նորմերը»,- ասաց Պետրոսյանը:








































