«2013 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները, որ տեղի ունեցան ԱԺ-ում, բավականին ինտենսիվ էին: Ստացանք 406 առաջարկություններ, որ աննախադեպ էր: Ընդունվեց 16 տոկոսը, այսինքն՝ այն առաջարկները, որ հնարավոր էր ընդունել, ընդունել ենք: 2013 թ. համար բյուջեն այն հնարավորն էր, որ ունեցանք քննարկումների արդյունքում»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նա չի կիսել այն տեսակետը, թե իրենք աշխատել են ընդունել միայն իշխանական ուժերի առաջարկները. «Առաջարկների 1/3-ից պակաս մասը կարիք ունեին պարզաբանման: Մենք առաջարկությունները դասել ենք ըստ ոլորտների: Առաջարկները չենք նայում ըստ խմբակցությունների և նոր դիտում առաջնահերթությունները: Այն սկզբունքներով, որ դրված են եղել պետբյուջեի նախագծում, բավարարվել են այդ առաջարկությունները՝ անկախ նրանից, թե ով է առաջարկել»:
Փոխնախարարը նշել է, որ մեր կյանքը չի սկսվել և ավարտվելու 2013 թ., և եթե այդ առաջարկությունները հնարավոր չէ ընդունել այս տարի, ապա դրանք նկատի կունենան 2014 թ. փաստաթղթում: «Հանրապետությունում կա 1400 դպրոց. դուք պատկերացնո՞ւմ եք, որ 1400-ն էլ առաջարկեին վերանորոգել»,- ասել է Սաֆարյանն ու հավելել, որ առաջարկների չընդունման հիմնական պատճառը ֆինանսական հնարավորություններն են:
Հարցին, թե ինչու են 106 միլիոն 923 հազար դրամ հատկացրել կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությանը, փոխնախարարը պատասխանել է, որ առավել ևս հիմա, երբ կան սոցիալական խնդիրներ՝ կապված կառավարման որակի հետ, պետք է ուսումնասիրել և նոր միայն լուծել խնդիրները:
Հարցին, թե ինչու է 7 միլիոն 624 հազար դրամ հատկացվել Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններին, եթե լճում ձուկ չկա, Պավել Սաֆարյանը պատասխանել է, որ պետք է հաշվեն, թե որքան մանրաձուկ բաց թողնեն լիճ:
Մեկ այլ հարցի, թե գյուղական խորհրդատվության համար ինչ իմաստ ուներ 295 միլիոն դրամ հատկացնել, ֆինանսների փոխնախարարը պատասխանել է. «Գյուղացուն խորհուրդ տալը վատ բան չէ: Եթե գյուղացին հող է մշակում, պետք է խորհուրդ տալ»: Անգամ մեջբերում է արել Բեռնարդ Շոուից. «Բոլոր նրանք, որ կարտոֆիլ են ուտում, իրենց թվում է, թե կարտոֆիլից գլուխ են հանում»:
Հարցին էլ, թե եկող տարվա բյուջեով կապրենք ավելի լա՞վ, թե՞ վատ՝ 2012-ի համեմատ, փոխնախարարը պատասխանել է. «Տալիս եք հարց, որի պատասխանը ինքներդ գիտեք. եթե աշխատավարձը չի բարձրացել, ինչպե՞ս կարող եք ապրել՝ մտածելով, թե բարձրացել է»:









































