ԱՊՀ երկրների ղեկավարներն Աշգաբադի գագաթնաժողովում ընդունել են եզրափակիչ հռչակագիր, որում համագործակցության համար, որպես առավել խոստումնալից ուղղություններ, նշվել են միջազգային տրանսպորտային միջանցքների ստեղծումը, էներգետիկ և գիտատեխնիկական համագործակցությունը, արտահանման հնարավորությունների ընդլայնումն ու ներդրումային քաղաքականության խթանումը:
Խորհրդաժողովի մասնակիցները ԱՊՀ կառույցի դերի ամրապնդմանը, տարածաշրջանային և միջտարածաշրջանային կապերի հաստատմանը, արդյունավետ և կենսունակ համագործակցությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել:
ԱՊՀ-ի զարգացման համար կարևորագույն հարցերից է մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության ապահովումը, ինչպես նաև քաղաքացիների ազատությունն ու սոցիալական իրավունքի ապահովումը:
Փաստաթղթում նշվում է նաև կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության վերաբերյալ կառույցի անհանդուրժողականության մասին:
ԱՊՀ երկրների ղեկավարները նշել են տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքներ ծավալելու անհրաժեշտության և պատրաստակամության մասին:








































