News.am-ի խնդրանքով, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ և Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցների Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, ինչպես նաև Եվրասիականտնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շուրջ առկա ձգձգումներին: Եվ պատասխանելի հարցին, թե արդյոք կարելի՞ է ակնկալել այդ կառույցին Հայաստանի անդամակցության քաղաքականության վերանայում:
Իր պատասխանում նախարարը, մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր երկրի տնտեսական զարգացման և ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ: Հայաստանն անշուշտ ձգտելու է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը` ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը: Դա նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանին`արտահանման իր հիմնական շուկաներում մրցակցային առավելություններիմեծացման և արտահանման ծավալների ավելացման, Միության անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերություններիառավել ընդլայնման ու խորացման, ինչպես նաև այդ պետություններից Հայաստան ուղղակի ներդրումների խթանման առումով»:









































