Bad Sex in Fiction Award ամենամյա մրցանակաբաշխության ժյուրին, որը մրցանակ է շնորհում գրական ստեղծագործության մեջ սեքսի վատագույն նկարագրության համար, հայտարարել է 2012թ. դափնեկրի անունը:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, հաղթող է ճանաչվել կանադացի գրող Նենսի Հյուսթոնը:
Նա մրցանակը ստացել է իր 14-րդ՝ «Ինֆրակարմիր» վեպի համար, որտեղ պատմում է կին լուսանկարչի մասին, որը իր սիրեկաններին նկարահանում է սեքսի ժամանակ:
The Guardian-ի հաղորդմամբ՝ ժյուրին չէր կարող չնկատել Հյուսթոնի արձակում վառ պատկերները («մարմինը արխայիկ թագավորություն է, ինչը բերում է արցունքներ, վախեր, սարսափներ ու երեխաներ», կամ հերոսուհու նկարագրությունը սեքսի ժամանակ, ով «լողում էր ուրախության մեջ` ինչպես ձուկը ջրում»):
Հյուսթոնը Bad Sex in Fiction Award-ի պատմության մեջ երրորդ կին դափնեկիրն է: Կնոջ փոխարեն մրցանակը ստացել է նրա հրատարակիչը:
Հյուսթոնի հետ մրցանակի էր հավակնում ևս 7 հեղինակ, այդ թվում՝ ամերիկյան դասական գրող Թոմ Վուլֆը:
Հյուսթոնը գրում է էսսեներ, զբաղվում է ֆրանսիական և շվեդական գրականության թարգմանությամբ:
Bad Sex in Fiction Award-ը շնորհվում է 1993-ից ի վեր:







































