Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Վրաստանի համար հերթական կարևոր թեստը հանդիսանալու է այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունները.
«Հոկտեմբերին Վրաստանը հանձնեց կարևոր քննություն: Նա կարողացավ անցկացնել ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ: Հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները Վրաստանի համար կլինեն հերթական կարևոր թեստը: Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում աշխատել համատեղ՝ վերցրած արագությունը պահպանելու, անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու, ժողովրդավարության բարձրագույն չափորոշիչներին հասնելու համար:
Այդ ամենը կենսական կարևորություն ունի Վրաստանի ժողովրդի ու ապագայի համար՝ որպես կայուն, ժողովրդավարական երկիր մեր եվրատլանտյան տիրույթում, որը նրա տեղն է: Ոչ վաղ անցյալում Վրաստանը կրկնապատկել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունում իր ներդրումը, ինչը նրան դարձնում է ISAF-ի մասնակից երկրների թվում կարևոր գործընկերներից մեկը:
ՆԱՏՕ-ն իր հերթին հավատարիմ է Վրաստանի հետ սերտ հարաբերություններին: Մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև նրա եվրատլանտյան ապագային»:








































