Այսօր Ազգային ժողովը կընդունի 2013թ. բյուջեի նախագիծը: Բյուջեին կողմ կքվեարկեն իշխող Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունները: Երեկ բյուջեի նախագծի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀԱԿ, Դաշնակցություն և «Ժառանգություն» խմբակցությունները, հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու: Եվ միայն հնարավոր չեղավ պարզել, թե ինչպես են քվեարկելու այլընտրանքայինները՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները:
ԲՀԿ ղեկավար կազմը երեկ մեկնեց Բրյուսել, և բյուջեի նախագծի քննարկմանն այդ խմբակցությունից ընդամենը մի քանի պատգամավոր էր մասնակցում: Ի տարբերություն մյուս 5 խմբակցությունների, ԲՀԿ-ից որևէ մեկը չհայտարարեց, թե ինչպես են քվեարկելու: Երեկ ԲՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում չցանկացավ բացահայտել, թե ինչ են անելու այդ փաստաթղթի քվեարկության ժամանակ: «Դե՞մ» են քվեարկելու, «ձեռնպա՞հ» են մնալու, ընդհանրապես բոյկոտելո՞ւ են, թե՞ թողնելու են «խղճի մտոք»: Նա իր խոսքին խորհրդավորություն հաղորդելով՝ ասաց, որ իրենք քննադատել են այդ նախագիծը, իրենց ներկայացրած առաջարկությունները չեն ընդունվել, և պետք է այդ հանգամանքներից ելնելով էլ կռահել, թե ԲՀԿ-ն այսօր ինչպես կքվեարկի:
Իսկ մինչ կպարզվի, թե ԲՀԿ-ն այսօր ինչպես կքվեարկի իր կողմից արդեն ամիսներ շարունակ քննադատվող կառավարության ու նրա ղեկավարի ներկայացրած բյուջեին, և մինչ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը համատեղ ջանքերով այն կընդունեն, կարելի է արձանագրել, որ այդ փաստաթուղթը Ազգային ժողովում չարժանացավ բավականաչափ ակտիվ քննարկման: Օրինակ` երեկ խորհրդարանում ավելի կարևոր իրադարձություն դարձավ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան օրվա իրողությունը, քան 2013թ. բյուջեի քննարկումը: Այս երկու՝ իրար հետ ընդհանրապես կապ չունեցող իրադարձությունների կարևորության տարբերության պատճառն էլ հավանաբար այդ երևույթների հանդեպ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի վերաբերմունքն է: Հայտնի է, որ Հ. Աբրահամյանը հովանավորում է Ա. Հովհաննիսյանի քաղաքական կարիերան ու վերելքը: Նաև հայտնի է, որ ԱԺ նախագահը աշխատանքային ու կուսակցական հակասություններ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Եվ եթե երեկ խորհրդարանում Հ. Աբրահամյանի ահից Ա. Հովհաննիսյանին շնորհավորելու և նվերներ տալու արարողությունը հատկապես ՀՀԿ խմբակցության անդամների կողմից բավականին ճոխ է անցել, ապա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պահեր էին լինում, որ դահլիճում սակավաթիվ պատգամավորներ էին նստած, որոնց իշխանական հատվածն էլ հորանջելով էր զբաղված:
Եվ ընդհանրապես` բյուջեի քննարկման ժամանակ ի՞նչ անեին ՀՀԿ խմբակցության կանայք, որոնց մեծ մասը կարծես թե խորհրդարան է գալիս ունեցած հագուստն ու զարդերը ցուցադրելու համար: Որոնց համար ավելի կարևոր է, թե դահլիճի իր բազկաթոռին ինչպես նստի, որ ավելի գեղեցիկ կեցվածք ունենա: Որոնք նիստերի ժամանակ անընդհատ զբաղված են ինչ-որ աքսեսուարներով՝ բազմաֆունկցիոնալ ժամանակակից հեռախոսներով, այփադներով, գեղեցիկ օպտիկական ակնոցներով ու այդ իրերի կաշվե շապիկները բացել-փակելով: Բյուջեի քննարկման ժամանակ ի՞նչ անեն գեներալներն ու օլիգարխները, ովքեր հազիվ են կարողանում իրենց ստիպել քվեարկությունների համար անհրաժեշտ կես ժամը նստել դահլիճում, նստելիս էլ թեք են նստում՝ կիսանստում են, որ վերջին կոճակը սեղմելուց հետո կարողանան դահլիճից շուտ դուրս պրծնել: Իսկ կոալիցիոն խմբակցությունների այսպես ասած՝ ինտելեկտուալ հատվածն էլ գերադասում էր բյուջեի քննարկումները կարճ կապել, քանի որ այդ ընթացքում անընդհատ քննադատության թիրախ էին դառնում: Նման իրավիճակում, բնականաբար, բյուջեի քննարկումն է արդեն անլուրջ դառնում:
Եթե այդ նիստերին չմասնակցեին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, բյուջեի նախագծի քննարկումը չէր տարբերվի, ասենք, «Հարկերի մասին» օրենքում մի որևէ փոփոխություն անելու նախագծի քննարկումից: Ընդհանրապես, ԱԺ-ում մեր հաջորդ տարվա բյուջեն բավականին պասիվ քննարկվեց: Հատկապես կոալիցիոն պատգամավորները նույնիսկ հարկ չէին համարում հակադարձել ընդդիմադիր գործիչների քննադատություններին: Կարծես թե խորհրդարանական մեծամասնությունը որոշել էր քիչ խոսել, որ այդ քննարկումներն արագ ավարտվեն: Հատկապես ամանորյա տոներին ու նախագահական ընտրություններին ընդառաջ: Հ. Աբրահամյանը նախագահությունից նույնիսկ հարց տվողներին ու դրանց պատասխանողներին բացահայտ հորդորում էր կարճ խոսել: Իսկ վարչապետ Տ. Սարգսյանն էլ հարկ չհամարեց սպառիչ պատասխան տալ գոնե Հ. Բագրատյանի ու Ա. Մինասյանի դիտողություններին: Թեև հատկապես Հ. Բագրատյանի ելույթը ուշադիր լսում և նշումներ էր անում: Ա. Մինասյանը կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանը հորդորում էր ներդրումները ճիշտ ուղղություններով կատարել և բարելավել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը: Հակառակ դեպքում՝ «Բա՞րդ բան է, չեք կարող՝ գնացեք»,- իշխանությանը հորդորում էր ընդդիմադիր պատգամավորը:
Հ. Բագրատյանն այդպես էլ չստացավ շաբաթներ շարունակ իր հնչեցրած այն հարցի պատասխանը, թե ուր է կորել 400 մլրդ դրամը: «Պակասում է մոտ 400 մլրդ դրամ: Եղբայր, կամ այս ՀՆԱ-ն չկա, այդ թվերը հենց այնպես օդից են, կամ եթե կա, խնդիրն ավելի խիտ է՝ եկեք գտնենք այդ փողերը: Հանրապետությունում կա կառավարություն, կա ԱԺ, կա նախագահ, բոլորը գիտեն»,- հայտարարեց նախկին վարչապետը:
Տ. Սարգսյանն էլ իր եզրափակիչ ելույթում ընդամենը պատասխանեց, թե կառավարության պարտականությունն է ընդդիմության քննադատության մեջ գտնել համագործակցության եզրեր: «Քննադատությունը մեզ համար օգտակար է: Անկեղծորեն ցանկացել ենք գտնել համագործակցության եզրեր ընդդիմության հետ… Խոստանում եմ, որ առաջիկայում կառավարությունն ավելի մանրակրկիտ հաշվարկներ կներկայացնի պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ` ըստ առանձին հարկատեսակների»,- հայտարարեց վարչապետը:








































