Ամերիկյան Forbes ամսագիրը երեքշաբթի հրապարակել է գերվճարվող դերասանների ցուցակը: Վարկանիշում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Էդի Մերֆին: Ինչպես հաշվել է ամսագիրը՝ նրան վճարված յուրաքանչյուր մեկ դոլարից կինոընկերությունները ստացել են 2,30 դոլարի եկամուտ:
«Վերջին շրջանում Մերֆիի կարիերան անկում է ապրում: Նրա «Պատկերացրո՛ւ», «Հազարավոր բառեր», «Ծանոթացե՛ք՝ Դեյվ» ֆիլմերը ձախողվել են, իսկ անցած տարի մեծ էկրաններ բարձրացած «Ինչպես զարդարել երկնաքերը» ֆիլմը, որն արժեցել է 75 մլն դոլար, կարողացել է հավաքել միայն 153 մլն»,- նշում է ամսագիրը:
Վարկանիշում երկրորդ հորիզոնականում է գտնվում Քեթրին Հելգը: Նրա մասնակցությամբ վերջին ֆիմը նույնիսկ չի փոխհատուցել ծախսերը: 40 մլն դոլար բյուջեի պայմաններում, այն հավաքել է 37 մլն դոլար: Ըստ ամսագրի՝ նա կինոստուդիաներին իրենց վճարած յուրաքանչյուր դոլարից բերում է 3,40 դոլար:
Եռյակը եզրափակում է Ռիզ Ուիզերսփունը 3,90 դոլար ցուցանիշով: Պարբերականը նշում է, որ նա Հոլիվուդի ամենաճանաչված դերասանուհիներից մեկն է, սակայն խորհուրդ են տալիս ավելի ուշադիր դերեր ընտրել: Այսպես, Ռիզի մասնակցությամբ «Ինչ իմանալ…» ֆիլմը, որն ունեցել 120 մլն դոլար բյուջե, կարողացել է հավաքել ընդամենը 49 մլն դոլար, ինչը դարձրել է նրան 2010թ-ի խոշորագույն կինեմատոգրաֆիական ձախողումը:
Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Սանդրա Բալոքը 5 դոլարով: Հնգյակը եզրափակում է Ջեք Բլեքը 5,20 դոլարով:
Դերասանների առաջին տասնյակը, որոնց աշխատավարձը չի համապատասխանում իրենց ֆիլմերի եկամուտներին, լրացնում են Նիքոլաս Քեյջը, Ադամ Սենդլերը, Դենզել Վաշինգտոնը, Բեն Սթիլերը և Սառա Ջեսիքա Փարքերը: Նշենք, որ անցած տարի այս ցուցակի առաջին հորիզոնականում հայտնված Դրյու Բերիմորը, այս տարի ընդգրկված չէ ցուցակում:








































